Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղբյուրի սառը ջուրը ոչ միայն չլավացրեց Հերիքնազին, այլև ավելի սաստկացրեց նրա տկարությունը. բոլորովին տաքության փոխելով՝ ձգեք անկողնի մեջ։

Շամիրը երբ որ քաշվեց դեպի դագեն, այդ ժամանակ Հերիքնազը սաստիկ տաքության մեջ դելն էր տալիս և վերմակը վրայից շպրտում։ Մարիամը կշտին նստել էր տխուր ու տրտում և ծածկում էր շուտ-շուտ Հերիքնազին, որ չմրսի։ Շամիրը ներս մտավ և լուռ ու մունջ հրացանն առավ, դուրս գնաց։

Այս վերջին օրերը Մարիամը բավական փոխվել էր և սկսել էր սեր ցույց տալ մարդին. հետը խոսում, ծիծաղում էր, հանաքներ էր անում, ոտ ու գլուխը շուտշուտ լվանում։ Չորս ամիս էր, որ Մարիամը արդեն հղի էր, և երեխան արդեն սկսել էր փորումը պրպըտալ և ուրախացնել մորը։ Մարիամի քաղցր վարմունքն ու հարաբերությունը բավական կակղացրել էր Շամիրին, և նա սկսել էր մեղմացնել իր կասկածները, բայց այժմ, երբ լսեց նրա գիշերային հարաբերությունը Արզումանի հետ, նրա քաղցր վարմունքը բոլորովին ուրիշ կերպարանք ստացավ իր աչքում։

«Օ՜… ես հիմի ամեն բան իմացա։ Իմ կնիկը ինձ ատեց, ուրիշին ձեռք բերավ, բայց այդ բանն ինձանից ծածկելու համար, երևի սիրողի խորհրդով սկսեց սեր ցույց տալով ինձ քնացնել։ Ես էլ ասում եմ, հիմա բախտավոր եմ, կնիկս ինձ շատ է սիրում, վաղը մյուս օրը զավակի տեր կդառնամ, նա ինձ «հայր» կասի, ես էլ նրան իմ որդիս կհամարեմ… Ախմա՜խ, ախմա՜խ Շամիր, մի անուն ունեիր խալխի մեջ, էլ ուրիշ ոչինչ. էլ այսուհետև ինչո՞ւ համար ես ապրում, երբ որ էդ անունը ցեխի մեջ ընկավ»։ Այսպես ինքն իրան փթփնթալով՝ բավական հեռացավ Շամիրը և անհայտացավ անտառի խորքումը։

Ամբողջ երեք օր չերևաց Շամիրը։ Մարիամը կարծում էր, թե կամ արան կլինի գնացած, կամ որմի, այս պատճառով մի առանձին կասկած և մտատանջություն չուներ այդ մասին։ Արզումանը օգուտ քաղելով անտառի խտությունից, ամեն գիշեր գալիս էր նշանակած տեղը, ուր տեսնում էր նրան Մարիամը և Հերիքնազի առողջության մասին տեղեկություն հաղորդում: