Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Է

Մի ամպոտ և մութ երեկո էր։ Մարիամը կովերը կթելուց հետո երկու փափուկ հաց, մի քանի կտոր պանիր մի աղլուխի մեջ կապեց ու ճանապարհ ընկավ դեպի Ջուխտակ աճարքին։ Ճանապարհին նրա դեմը ելավ Շամիրը։ Մարիամը մարդուն տեսավ թե չէ՝ տեղն ու տեղը մեխվեց։

— Ո՞ւր, առաջ բարի,— հարցրեց Շամիրը հեգնելով։

Մարիամն այնպես շփոթվեց, որ ոչ մի պատճառ չկարաց հնարել, իսկ ճշմարիտն էլ վախեցավ խոստովանել։

— Ձեզ եմ հարցնում, ա՛յ կնիկ, ո՞ւր ես գնում էս կես գիշերին քոլեքոլ ընկած,— պնդեց Շամիրը սպառնողական ձայնով։

Պատասխան չկա:

- Սիրողիդ մոտ ես գնում, էնպես չի՞, արի՛, ես քեզ կտանեմ նրա մոտ։ – Այս ասելով Մարիամի ձեռքից բռնեց և քաշ տալով՝ տարավ անտառի խորքը։ Մարիամն ամոթուց աղաղակ չբարձրացրեց, որ մարդ չիմանա, բայց ընկավ Շամիրի ոտները և սկսեց աղի արտասուքով թաց անել։

- Դու ուրիշ բան մի՛ մտածիր, Շամիր ջան, ա՛ստված, երկինք, ծով, ցամաք, ես անմեղ եմ։

— Տեսնում եմ, տեսնում, ա՛յ լիրբ, աներես, ես քոռ չեմ, դու որ անմեղ ես, էլ ո՞վ է մեղավորը։ Կես գիշերին Արզումանի հետ ի՞նչ գործ ունեիր դու, ուր ես գնում հիմի, ո՞ւմ համար ես տանում էդ աղլուխը, ա՛սա։

— Աստված, երկինք, Շամիր ջան, ես անմեղ եմ, ի՛նչ որ լսել ես, հետո կիմանաս դրա պատճառը, հիմի ինձ հավատա, աստծուն հավատա, ես անմեղ եմ։

Մարիամը կարծում էր, թե իր երդումով մարդի մտքի մեջ մի երկմտություն կձգի, ժամանակ կվաստակի արդարանալու համար և մահից կազատվի, բայց անգութ Շամիրի հոգին սևացել էր, խիղճը քարացել, աչքերն արնով լցվել, ջանը դող ընկել, ականջները խլացել. նա Մարիամին այս րոպեիս համարում էր իր որսերից մինը, որի քամակին օրերով ման է գալիս և տեսնելուն պես՝ գետին տապալում հրացանի գնդակով։ Մարիամը, որ նրա ոտներն ընկած աղիողորմ արտասուք էր թափում, և ամեն սուրբի, ամեն խաչի և Ավետարանի անունով երդվում, մեկ էլ լսեց հանկարծ