Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«հոգիդ տու՛ր, ղանջըղ…»։ Մարիամն սկսեց երեսը խաչակնքել ինչպես անմեղ նահատակ և աչքերը դեպի երկինք ձգել, բայց դեռ խաչի նշանը ամբողջությամբ չէր դրոշմել կրծքին, հանկարծ կծկվեց Շամիրի ոտքի տակին։ Եղեռնագործը մի աքացիով անշնչացրեց այն անմեղ, այն միամիտ, այն սուրբ Մարիամին, որ իր կյանքի մեջ ամուսնական ուխտի դեմ մի ցնորք անգամ իր մտքից չէր անցկացրել։

Խե՜ղջ կանայք, արդյոք զգում ե՞ք դուք ձեր գերությունը, ձեր ստրկությունը։ Իհարկե, ո՜չ։ Կարծում եք, թե այդ է ձեր վիճակն ու ճակատագիրը, որ դուք պիտի գառը լինիք, իսկ ձեր մարդիկը՝ գայլ։ Մարդիկն էլ կարծում են, որ իրավունք ունեն ձեր կյանքի վրա, մոռանալով՝ որ ինչպես կյանք տալ կարելի չէ, և ոչ առնել կարելի է։

Եղեռնագործը տեսավ, որ իր զոհի շնչառությունը այլևս չի լսվում, մի ժամի չափ մնաց քարացած։ Հետո չարագործությունը ծածկելու համար իր հայրենավանդ բարբարոսական հնարքը գործ դրավ։ Արձակեց անմեղ նահատակի գոտին և սնուր շինելով գցեց շլինքը և կախեց մի ծառի ճղնից, որ այնպես կարծվի, թե ինքն իրան է կախել…


Ը

Շամիրն իր չարագործությունից հետո վերադարձավ դագեքը։ Հարբած մարդու պես այս և այն կողմն էր ընկնում, ճանապարհը կորցնում, կես գիշերն հազիվ կարողացավ տեղ հասնել։

Հերիքնազը թեև պառկած էր, բայց անհամբեր սպասում էր Մարիամի վերադարձին և սաստիկ վարանման մեջ էր նրա ուշանալու համար։

— Ախչի՛, ո՞ր է Քույրդ, — հարցրեց Շամիրը Հերիքնազին։

— Չգիտեմ, դուրսը կլինի, հիմի կգա։

Մի ժամի չափ անցավ սրա վրա, Մարիամը չերևաց։

— Ախչի՛, ո՞ւր է քույրդ,— կրկնեց Շամիրը բարկությամբ։

— Ես ի՞նչ գիտեմ ո՞ւր է,— ասաց Հերիքնազը նույնպես բարկանալով, և իսկույն վեր կացավ տեղից՝ կարծես մի չարագուշակ ազդմունքից դրդվելով: