Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Թ

Երբ որ հարևաններն այս ու այն կողմ տարածվեցին, Շամիրն էլ գնաց իբր թե նույնպես փնտրելու։ Սրա հետ գնաց և մեզ ծանոթ Խաչատուրը։

- Ախպեր, շատ բան էինք լսել, բայց կնկա կորչիլ չէինք լսել, յարաբ ո՞ւր պիտի լինի գնացած,– ասաց Խաչատուրը։

- Խաչատուր, մի կնիկ, որ մտքումը ծուռ բան գնի, ոտքը թեթևացնի, ուր ասես՝ կկորչի։

- Ինչի՞ ես էդպես ասում, Շամի՛ր. դու քու կնկանը չե՞ս հավատում։ Նա որ ծուռ մտքանի կնիկ լիներ, քեզանից առաջ մենք կիմանայինք, ինչպես ուրիշները կիմանան։

- Ուրիշները մի՞թե չեն խոսում իմ կնկա վրա։ Էն օրը դու չլսեցի՞ր, որ ասում էին՝ կես գիշերին տեսել են Արզումանի կշտին… Ես էլի շատ բան եմ ինքս իմ աչքովս տեսել, ես հաստատ գիտեմ, որ նա վատ բանի է։

- Շամիր, էն օր ես էլ լսեցի, ինչ որ ասացին, ես էլի շատ բան լսեցի, բայց դու չմնացիր, որ ինքդ էլ լսես, սատանեն սիրտդ կրակ գցեց, վեր կացար, որ գնաս հանգցնես։ Դե հիմի ինձ լսիր, տես քեզ ի՛նչ եմ ասում։ Ես վաղուց մտքումս դրել էի, որ քեզ հետ խոսեմ բայց ոչ մի անգամ հանգումը չեկավ։ Հիմի լավ պատահեցանք, պետք է իմաց տամ քեզ ամեն բան։ Խային մարդու աչքը քոռ կլինի, Շասիր, դու շատ բան ես վարավուրդ արել, բայց դիփ էլ ծուռ ես հասկացել։ Հիմի ինձ ականջ դիր, տես սուտ եմ ասում թե ըղորդ։ Արզումանը քանի որ էդ փորձանքին չէր հանդիպել, մտքումը գրել էր, որ գա քեզ խնդրի, որ Հերիքնազին իրան տաս։ Հերիքնազն ու Արզումանը սիրում են մեկ մեկու, էդ սաղ աշխարհքին հայտնի է։ Մի գիշեր, քու քաղաք գնացած ժամանակդ նա իմ կշտիցս գնաց ձեր տուն։ Գնացել էր Մարիամից ու Հերիքնազից խոսք առել, էքսի օրը պիտի օրինավոր նշան ուղարկեր քեզ մոտ, նշանն էլ հազրել էր. էդ փորձանքը որ պատահեց, ամեն բան խափանվեց։ Հիմի Մարիամն, ինչպես ասի քեզ, խոսք է տվել։ Առանց քեզ տուն է թողել։ Նա ի՞նչ գիտեր, թե բանն էսպես կգա։ Դու քոռ հո չե՞ս, չե՞ս տեսնում, որ Հերիքնազը մարդի չի գնում։ Ինչի՞ չի գնում, կարո՞ղ ես ասել։ Նրա համար չի գնում, որ Արզումանից ձեռք չի ուզում վերցնել, ասում է՝ «ուր որ նա կլինի, ես էլ