Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էնտեղ կլինիմ»։ Հենց լավն էլ էն է, որ դու զուր տեղը վատամարդի չդառնաս, հենց քո ձեռքովը վերցնես տաս իրան, թող ուր ուզում է տանի, քան թե պիտի քեզանից թաքուն փախցնի։ Արզումանը հիմի էստեղերանք որ պտտվում է, Հերիքնազի համար է պտտվում, բայց դու էնպես ես կարծում, թե քո կնկա համար է։ Դու քու կնկանը լավ չես ճանաչում, Շամիր, նրա պատիվը չես իմանում, նրա լավությունը չես տեսնում։ Ո՞վ կա մեր գեղումը դրա պես հալալ ծծկեր, գրա պես ամոթով, աբուռով, դրա պես սուրբ սրտի տեր, դրա պես անմեղ, անարատ։

Խաչատուրը չէր նկատում, որ իր խոսքերը մի-մի նետի պես ցցվում էին Շամիրի սրտումը, որովհետև չգիտեր, որ բանը բանից անց է կացել։ Շամիրի լեզուն կապվել էր՝ չէր կարողանում խոսել, մտքումն էր ասում միայն, թե՝ անիրավ, էդ որ գիտեիր, ինչի՞ վաղ չէիր ասում ինձ։ Նրա ոտները թուլացել էին, քիչ էր մնում վայր ընկնի։ Մի կերպ Խաչատուրի հետևից քաշ գալով առաջ գնացին և ի՞նչ տեսնեն հանկարծ… Երկու քույր, մինը կախված, մյուսը նրա ոտների տակ անշնչացած…

Երբ որ Արզումանը հեռացավ, Հերիքնազը զոռով վեր կացավ տեղիցը և սկսեք այս ու այն կողմ թափառել։ Լուսն ու մութը սկսեցին իրարից բաժանվիլ թե չէ՝ Հերիքնազի աչքումը մի բան երևաց, մինչև նրա խելքն այս մասին մի հաշիվ կտար, ահն ու կսկիծը իրար խառնվելով կայծակնահար արին նրան։ Հերիքնազը տեղն ու տեղը վայր ընկավ, այլևս չկարողացավ գգվել իր միակ սիրելի քրոջ սուրբ մարմինը։

Ժ

Շամիրը, անխելք ու անտաշ Շամիրը, երբ որ լուսով տեսավ իր գիշերային եղեռնագործության պատկերը, երբ որ բացվեց նրա մտքի ու խղճի աչքը, երբ տեսավ, որ կրկնապատկել է իր չարագործությունը ― ինքը մեկին սպանել, բայց այբտեղ երկուսն են ընկած,― մի սարսափելի, մի կատաղի գոռում–գոչում բարձրացրեց, գլուխը ծառերին զարկեց, ամբողջ մարմնով գետնե֊գետին զարկվեց այս հարվածի նման։ Նրա աչքերումն արտասուք չկար, գլխի մազերը գջլտում էր և կարծես ցավի զգացումը կորցրել էր։ Մարդիկ ժողովվեցին շուտով և ուզեցին նրան կապոտել, որ ինքնասպանություն