Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նասպանություն չգործե, բայց նա իրան բռնել ուզողների ձեռքերը կծոտեց, դուրս փախավ ինչպես մի վայրենի գազան և ընկավ ձորերը։ Մարդիկ վազեցին հետևից, բայց հասնել չկարողացան: Նա մի ահագին քարաժայռից անդունդ գլորվեց, ուր և գտավ իր դժոխքը։ Նրան հենց այդտեղ էլ թաղեցին։


Հերիքնազի և Մարիամի համար «Երկու հոգիս» անվանված կաղնի ծառի տակը փորեցին և երկոքին քույրերին մի գերեզմանում դրին իրանց շորերովը։ Ասողներ եղան, թե հարկավոր է դյուզից քահանա կանչել, բայց ծերերը թույլ չտվին, ասելով— անհաղորդ էլածներին, խեղդվածներին, իրանք իրանց սպանածներին տերտերով չեն թաղիլ։ Սրա համար ոչ մի աղոթք չասվեց նրանց վրա, ոչ մի հոգեհանգիստ չկատարվեց նրանց համար։


Այս անսովոր և սարսափելի դեպքի լուրը շուտով տարածվեց ամենայն տեղ, բայց ո՞ւմ սիրտն այնքան կկսկծար, որքան Արզումանինը։ Արզումանը եկավ աշկարա, օրը ցերեկով, չոքեց նորաթաղ գերեզմանի վրա և իր ուզածի չափ արտասվեց։ Բայց այդ արտասուքը չթեթևացրեց նրա սրտի կսկիծը։ Նա զգում էր, որ իր պատճառով են զոհվել այս անմեղ գառնուկները, և այդ զգացումը նրան մղում էր, որ ետ չմնա իր սիրելիներից, շուտով հասնի Հերիքնազի հետևից և հոգով միանա նրա հետ։ Եվ այդպես էլ արավ: Ինքն իրեն սպանող երիտասարդը, որի մասին պատմեցինք առաջին գլխումը, այս Արզումանն էր։ Նա եկավ Շամշուլգա գյուղի քահանային խնդրեց, որ երթա այն անմեղ զոհերի գերեզմանի վրա թաղման կարգ կատարե և իրեն էլ հաղորդե: Քահանան հանձնառու չեղավ, ասելով, որ նրանք իր ժողովուրդը չեն. իրեն էլ չհաղորդեց, պատվիրելով, որ գնա իր քահանայիցը հաղորդմի, բայց երբ հրացանի ձայնի վրա գյուղացիք հավաքվեցին և Արզումանին մերձիմահ գտան, քահանան էլ իսկույն եկավ և հաղորդեց։ Գյուղացիք լավ էին ճանաչում Արզումանին, ամենքն էլ ցավելով հարցնում էին, թե ի՞նչն ստիպեց քեզ այդպես հուսահատվել։


— Ո՜հ, թողեք ինձ հանգիստ, աստված սիրեք, իմ ցավն ինձ բավական է։ Աշխարհքս մարզիկը շատ անգութ են. միայն մեռնելուց հետո են ափսոսում մարդու։— Ասաց Արզումանը և անմահ հոգին ուղարկեց անմահին։


Շամշուլգեցիք մի սայլի մեջ դրին Արզումանի մարմինը և տարան իր պապական գերեզմանատունը։