Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմա խոսքները մեկ չի գալիս. մեկը դեսն է քաշում, մյուսը դեն. սեր, միաբանություն չկա՞։ Ամեն մեկն ուզում է հանգիստ ապրել, ջանին ջափա չի տալիս, շինելու բանն իրար վրա են գցում, քեզ նման բանից փախչում։ Ես որ նրանց տեղը լինիմ, քեզ հացափոր էլ չեմ պահիլ։ Գնա՛, ձին տար ջուրը, գնա՛, ի՞նչ քո խելքի բանն է։

— Ինչու՞ դու չես ձին տանում ջուրը, առավոտը ես եմ տարել, հիմա է՛լ դու տար, բանը նոբաթով կանեն. դու էլ խոմ իմ աղան չե՜ս, որ հրամայում ես։

— Գնա՛, ասում եմ, թե չէ՝ տեսնու՞մ ես այս ցախավելը, այնպես կհասցնեմ գլխիդ, որ…

— Ապա խփի՛ր, խփի՛ր էլի՜, խփի՛ր։

— Ա՜յ թե չեմ խփիլ…

— Ա՜յ թե կխփես…

— Ա՜յ թե չեմ խփիլ…

— Ա՜յ թե կխփես…

Այսպես՝ ծառաները քաղցր զրույցից հետո, երբ բանը հասավ գործ կատարելուն, հանկարծ սկսեցին իրար բերան կրծել և իրար հարվածել։ Այս տուրուդմբոցի ժամանակ վրա հասավ աղաներից մեկը մի հյուրի հետ և ասաց բարկանալով.

— Ի՞նչ եք անում, այ տղեք. այս ի՞նչ բան է։

Ծաոաները հեռացան, օձիքները գջլտած։

— Ահա մեր տան, մեր կեցության պատկերը,— ասաց աղան իր հյուրին։ — Ինչ որ բաժանության խոսք ու զրույց է եղել մեր տան մեջ, էլ ոչ մի օր հանգիստ չունինք։ Եղբայրքս իրար հետ են կռվում, մեր կնանիքն իրար հետ, երեխեքն ու ծառաներն իրար հետ։ Կհավատա՞ս, որ ասեմ, մեր շներն ու տավարներն էլ են սկսում կռվել իրար հետ, կարծես բաժանության հոտն առած լինին։ Մեկ խոսքով՝ կռիվը, ծեծը, խռովությունը մեր տան մեջ դառել է մի վարակիչ հիվանդություն։ Մեծ երկյուղ ունիմ, որ արյունով վերջանա այս ամենը, որովհետև շատ խռոված և անհանգիստ է հոգիս, սրտի թրթռոց և քնահատություն է եկել վրաս, ոչ մեկին բան հասկացնել չի լինում, կարծես կախարդված լինին, կարծես մի նզովք, մի անեծք կա մեզ վրա և պիտի կատարվի…

— Ես զարմանում եմ,— ասաց հյուրը։ Ձեր տունը միշտ եղել է մի օրինակելի գերդաստան։ Չորս եղբայր եք, չորսդ էլ ուսում առած, կրթված, պատվավոր ծնողաց որդիք, անվան և համբավի տեր։ Իմ հավատալս չի գալիս քո ասածը։ Ուրիշներին էլ դուք եք