Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խրատում, այդ ի՞նչպես է, որ ինքներդ իրար խոսք չեք հասկանում։

— Եղբայր, դիտե՞ս ինչ է։ Ամեն մի աման այնքան կտանի, ինչքան որ իր ծավալն է, եթե մի փոքր ավելի ածես, կթափվի անշուշտ։ Դու հիմա ասա՝ թե ամանը որ արծաթ լինի, շատ կտանի. այդ ի՞նչպես կարելի է։ Մենք հիմա այնքան շատացել ենք, որ մի տան, մի սափրի վրա չենք տեղավորվում, մեկն ուտում է, մյուսը քաղցած մնում, ինչպես կասեն՝ ով չուստ, նա կուշտ։ Մեկն ասում է՝ քո երեխի բաժինը շատ է, իմինը քիչ, լավ պատառները քո՛ մարդին ես ուտեցնում։ Մեկը բեզրել է շատ հաց թխելուց, մեկէլի կռների ցավը բռնում է, երբ խմոր հունցելու նոբաթն իրան է հասնում։ Երբ որ տան մեջ ես ու դու էլավ, իմ ու քու էլավ, էլ այն տանն ի՞նչ համ պիտի լինի։ Շարունակ քրթմնջյուն, շարունակ գանգատ։ Գլխներով շաքար ենք առնում, մի շաբաթ չանցած հալվում է, էլ մի դեղապետ պահել չի լինում, մարդ հյուրերի մոտ էլ է մնում սևերես։ Ի՞նչ հասկացնես անկիրթ ու տգետ կանանց, երես առած գռեհիկ երեխանց, որոնցից ամեն մեկը իր մոր անկրթության պատկերն է կրում։

Այս միջոցին տան վերի հարկում սարսափելի աղաղակներ լսվեցին։ Վեր բարձրացան տեսան, որ մեծ ու փոքր տեգրակնանիքը իրար մազերից են բռնել քաշքշում, նրանց մարդիկն էլ իրար օձիքից։ Պատճառը եղել էր այն, որ մեծի երեխան ծեծել էր փոքրի երեխային, սրա մայրն էլ ծեծող երեխային, ծեծողի մայրն էլ նրա մազերիցն էր բռնել, նա էլ նրա, և այսպես բարձրացել էր մի ահագին աղմուկ։ Մյուս սենյակից դուրս էին եկել նրանց մարդիկը և կռվին միջամտելով իրար օձիքից բռնել. տան բոլոր երեխայքը վայնասուն էին բարձրացրել։ Մյուս երկու եղբայրները հազիվ կարողացան անջատել նրանց միմյանցից։ Սրա վրա բոլոր դրացիները հավաքվեցան հանդիսատես լինելու և ամենքն էլ շատ ուրախացան և մեծ հաճույք զգացին այս տեսարանից։

2

Նախընթաց գխի գործողությունը կատարվում էր մի մեծ ավանում, որ իսկապես ոչ գյուղ էր, ոչ քաղաք, այլ երկուսից մի խառնուրդ, մի գյուղաքաղաք: Այդտեղ միևնույն գերդաստանի անդամները և՛ երկրագործ, էին և՛ այգեգործ, և՛ արհեստավոր էի