Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղցած կկոտորվիք։ Արշակը այգին էր մշակրւմ և արաղ ու գինի պատրաստում։ Սրա պարապմունքն ավելի արդյունավետ էր, տարևկան երկու հազար մանեթի արաղ ու գինի էր ծախում, բայց սա չէր ասում, որ այդ իր աշխատանքն է։ Տիգրանը, ամենքից փոքր լինելով մանկությունից երես տված էր. սիրում էր ավելի ազատ կյանք վարել, «մեջ ուտում էր, ղրաղ ման գալիս»։ Սրա սիրած զբաղմունքը որսորդությունն էր։ Շատ շնորհալի տակառագործ էր, սիրում էր և մեղվաբուծություն նորագույն ձևով, փեթակներն էլ ինքն էր շինում շրջանակներով։ Բայց շատ չէր աշխատում, այլ գործ էր դնում այդ արհեստը իր զվարճության համար միայն։ Այսուամենայնիվ տան համար պետք եղած բոլոր տակառներն ու չաները ինքն էր շինում։ Սմբատը մեր թափառական, բայց ընդունակ և արդեն հեղինակություն ձեռք բերած վարժապետներից մեկն էր։ Սա ինքն էր կրթել իր երկու եղբայրներին։ Նրանց ուսում տալուց հետո տվել էր և արհեստի։ Արշակը, որ նույնպես գիտեր Տիգրանի արհեստը և ամենից աշխատասերն էր և եռանդոտը, միշտ օգնում էր Տիգրանին և երբ սա գործը կիսատ թողնելով որսի էր գնում, բանը մնում էր Արշակի վզին։


Տիգրանը չէր հաշտվում եզան ու գոմշի հետ.— ես ձի պետք է բանեցնեմ,— ասում էր։ Նա սկսեց ձիան առնել, սայլի տեղ սկսեց ֆուրգոն բանեցնել։ Այսպես, միևնույն տան մեջ և ֆուրգոն էին բանեցնում, և սայլ, և գոմեշ լծում, և ձի։ Մեծը չէր հաշտվում ձիանց հետ և վնասակար ու շռայլություն էր համարում, չէր ուզում ձեռք վերցնել իր գոմշից. փոքրն էլ սրա հակառակ, ուզում էր ամբողջ գյուղի սովորությունը փոխել։


Սմբատը, նորության բարեկամ լինելով՝ փոքրին էր պաշտպանում և խրախուսում, բայց մեծին հնությունից ձեռք վերցնել տալ չէր կարողանում։ Այս հնի և նորի խառնուրդը տնտեսական վնաս էր հասցնում տանը, բայց հնար չկար դրա առաջն առնելու։ Մեծը, ուզենար էլ, կարող չէր ձի բանեցնել, դրա համար մեծ ջանք, մեծ ծառայություն էր պահանջվում, իսկ նա սովոր էր դանդաղ ու հանգիստ գործելու։ Նոր գութանի հետ չէր հաշտվում, որովհետև գութան շինելում իրան հմուտ վարպետ էր համարում։ Իսկ փոքրը նոր գութան էր բանեցնում իր ձիերով։


Այսպիսի մի աններդաշնակ խառնուրդ էին ներկայացնում և նրանց կանայքը։ Նրանց մեջ կային երես փաթաթածներ ու երեսբացներ, ինչպես կային չխոսկաններ և խոսողներ: Մեկը մշակու-