Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ավագը գլուխը տմբտմբացրեց ճանճով ընկած ձիու նման, որով ուզեց ասել Մարպողոսին, թե՝ «ինչ որ քու մտքում է, իմ էլ սրտումս է»։ Այս լուռ պատասխանը հասկացավ Մարպողոսը և շարունակեց.— Ի՞նչ անեմ, Ավագ, քո խաթրը չլինի, ես գիտեմ, թե դրան ի՛նչ կանեմ. բայց քո ծնողաց արած բարերարությունը չեմ կարող ուրանալ: Թո՞ղ Սմբատը գնա նրանց գերեզմանին մոմ վառի,— ասաց Մարպողոսը, և իր ամենակարող զորությունը ցույց տալու համար՝ մի առանձին ուժով վեր քաշեց պտղունցը լցրած բռնոթին։


— Իսկ եթե ուզենաս, ի՞նչ վնաս կարող ես տալ,— հարցրեց Ավագը հետաքրքրությամբ, որ հարկավոր ժամանակ Մարպոզոսին իբրև զենք ունենար իր ձեռին։ Ինչ ասել կուզի, որ Մարպողոսը լավ հասկացավ Ավագի միտքը և նրան իր պատրաստակամությունը ցույց տալու համար ասաց.


— Մե՜ծ վնաս... կգրեմ ուր հարկն է, թե ձեր այսինչ վարժապետը վնասակար մտքեր է քարոզում ժողովրդին, ծաղրում է ծիսարանը, վնասակար է համարում պաս պահելը, նախապաշարմունք է համարում ուխտագնացությունը, որդին հորից և եղբայրը եղբորից բաժանում է, հավան չի ներկա ընտանեկան կազմակերպությանը, խզում է բոլոր սուրբ կապերը, որոնք առանց այն էլ թուլացել, կտրվել են... և էլի ուրիշ հազար ու մեկ բան։ Քո թշնամին չընկնի իմ գրչի տակ, մեկ որ ընկավ, էլ փրկություն չկա, ինձ Մարպողոս կասեն։ Ամենքն էլ դողում են իմ ձեռին, այդ անիրավն է, որ չի վախենում ինձանից։


— Նա ոչ թե քեզանից, այլ նույնիսկ աստվածածնիցն էլ չի վախենում։ Էլ պաս-ուտիս չկա տանը, ամենքին էլ ֆարմասոն է շինել։ Մենակ ես եմ մնացել պաս պահող, մեկ էլ իմ կինս։ Երեխեքս էլ են նրան մտիկ տալիս, նրա օրինակին հետևում։ Չէ՛, եթե դա շարունակե իր արարմունքը, եթե շարունակե ինձ հետ վիճել, մեր մեջ բաժան-բաժանություն գցել, այնուհետև, թեկուզ հոգուս մեղք լինի, քեզ մի գանգատ պիտի գրել տամ...


— Այդ մեղք չի լինիլ, պարոն Ավագ, այլ վարձք։ Պաշտպանել մեր սուրբ կրոնը, մեր պապական սուրբ ավանդությունները, մեր ամենքիս սրբազան պարտականությունը պետք է լինի։ Ասված է սուրբ Ավետարանի մեջ, թե «Եթե քո աջ աչքդ քեզ ճամփից հանե, հանի՛ր նրան և դե՛ն գցիր, որովհետև լավ է քեզ համար, եթե մեկ աչքով արքայություն ընկնես, քան թե երկուսով դժոխք»։