Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որդուն, իսկ մյուս որդիքը հողի փոխարեն փող են ստանում։ Այս իսկ պատճառով միայն անդրանիկ որդին է լինում հոր օգնականը, իսկ մյուսներին տալիս են արհեստի։ Սրա հետևանքը լինում է այն, որ ոչ մի պարապ և անգործ ձեռք չի լինում նրանցում, և երկրորդ էլ այն, որ փող ստացող եղբայրներն իրենց համար նոր հող են առնում։ Այսպիսով այս մարդիկը տարեց–տարի նոր և նոր հողեր են գնում։ Այսօր Եկատերինենֆելդը, որ երկու հարյուր տուն հազիվ կլինի, այնքան հող ունի, որի տասներորդի չափ հող չունի մոտ ութ հարյուր տուն ունեցող Շուլավերը։ Մենք հայերս և թուրք ու վրացիք նրանց պես չենք աճում, չենք ճոխանում, ինչո՞ւ, որովհետև չունինք նրանց նման ընտանեկան կազմակերպություն, նրանց նման ընտանեկան կարգ ու կանոն, մենք բավականանալով մեր պապերի ունեցածով՝ նրա վրա թուխս ենք նստում, ձագ հանում, բայց բավականին սնունդ չունենալով՝ ոչնչացնում ենք, սկսում ենք միմյանց միս ուտել, միմյանց հարստահարել, միմյանց կողոպտել։ Ուրեմն ուղիղն ասաց մեծ եղբայրս, թե բաժանությունը պետք է ամուսնության պես մի սուրբ օրենք լինի, այլապես ամուսնության համար ասված օրհնությունը, թե՝ «Աճեցեք և բազմացարուք և լցեք զերկիր», կատարումն չի ստանալ։

— Ի՛նչ ասեմ, ամենքդ էլ ինձանից լավ եք իմանում գիրն էլ, գրի զորությունն էլ,– ասաց Մարպողոսը,— բայց դե, նեմեցը նեմեց է, հայը՝ հայ։ Մենք մեր սուրբ հավատքը թողնենք գնանք նեմեց դառնա՞նք։

— Չեմ ասո՞ւմ, որ սրանց ուղեղը ամենայն բան թարս է ըմբռնում,– ասաց Տիգրանը։— Լսեցե՛ք, բիձա Մարպողոս, մի՞թե օրինավոր կարգ ու կանոնը հայկական կրոնին ընդդեմ է։ Ես էլ եմ երբեմն կարծում, որ եթե չկա, երևի ընդդեմ է, բայց մեկ էլ ինձ ու ինձ միտք եմ անում, տեսնում եմ, որ մեղավորը մեր հիմարությունն է միայն, որ գիտենք թե ինչն է լավ և չենք անում։ Մի՞թե վատ բաներ են ընկերական ոգին, հասարակական ոգին, համայնական ոգին։ Ահա թե ինչով պետք է միացած լինին հասարակության բոլոր անդամները։ Ամենքս պետք է եղբայր լինինք, և ոչ թե միայն մի հորից ու մորից ծնվածները։ Իսկ այդ կարելի է ձեռք բերել միայն և միայն բաժանությամբ։ Նախ, իմ բաժինն ինձ, քոնը՝ քեզ, հետո համեցեք ընկեր դառնանք, եթե կամենում ես։

— Լսիր, եղբայր,— ասաց Սմբատը,— սրանք որ թե չեն հասկանում մեր ասածը, այլ չեն ուզում հասկանալ, որովհետև իրանց