Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լու ոտ ու գլխից բռնեցին և դուրս շպրտեցին: Դուրս արին և Մարպողոսին և դուռը կողպեցին: Մարպողոսը փախավ. իսկ Ավագն սկսեց դրսից ապակիները կոտրատել և բոլոր դրացիներին իր գլխին հավաքել: Գտնվեցին չարերի մեջ և բարի մարդիկ, որոնք հեռացրին Ավագին, որ դուռը կտրած և կացինը ձեռքին՝ սպասում էր, որ դուրս եկողի գլուխը ջախջախե: Հավաքվածներից շատերը երբ լսեցին, թե ոչ ոքի վնաս չի եղել, շատ տխրեցին:

5

ՄԻՋՆԱԴԵՊ


Ամառն էր: Թե՛ ուսուցիչ, թե՛ ուսանող ամառային արձակուրդ էին ստացել։ Նրանցից օտարության մեջ եղողները վերադարձել էին իրենց ծննդարանը: Բավականաչափ զարգացածները՝ թափառելով հով ու զով տեղերում, ուսումնասիրում էին բնության կյանքի երևույթները, հետազոտում էին անցած-գնացած ժամանակների մնացորդները, պատմական տեղերի և շենքերի բեկորներն ու նշմարները։


Շատերն իրանց ծննդարանի և պտտած տեղերի վերաբերությամբ պատմական տեղեկություն չունեին, որովհետև պատմությունը շատ անցքերի տեղեր որոշակի հայտնած չէր, նոր հետազոտություն և ստուգություն էլ եղած չէր։


Քաջենք գյուղաքաղաքի տեղադրության մասին ևս պատմական տեղեկություն չունեին ոչ միայն տեղացի գրագետներն ու անգրագետներն, այլև ոչ նույն ինքը Սմբատը, որ մեր վարժապետների մեջ պատմության հմուտներից մեկն էր համարվում: Իր ծննդավայրի պատմության երեսին քաշած խավար վարագույրը, համարյա դիպվածաբար, նրա առջև ետ քաշեց իր վաղեմի աշակերտակից և մտերիմ ընկեր Արմենակ Ազատյանը, որ շատերի պես նա էլ էր շրջում գյուղեգյուղ և պատմական հնություններն ու ժողովրդի ներքին կյանքն ուսումնասիրում։


Արմենակը մոտ քառասուն տարեկան, բարձրահասակ, թխա–