Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Անկասկա՛ծ, այստեղ էր Աշուշա բդեշխը, Վահան Մամիկոնյանի մորաքրոջ մարդը։

— Գիտե՛մ, գիտե՛մ, նա, որ պարսից Հազկերտից խնդրեց ազատել Վահանին և նրա եղբայրներին — Վասակին և Արտաշեսին, որոնք գերի էին այնտեղ և բերավ այստեղ իր մոտ պահեց։

— Այո՛ և երբ Հազկերտը նրա խնդիրքը կատարեց, Աշուշան փոխանակ սովորական երկրպագություն տալու, գլուխը գետնին զարկեց թագավորի առջև։

— Այդպես է։ Թագավորն էլ ասաց.— Իշխան, այդ ի՞նչ անսովոր երկրպագություն է, որ անում ես։

— Ճշմարիտ է,— Աշուշան էլ պատասխանեց.— որովհետև դու անսովոր ողորմություն ցույց տվիր, պետք է որ ես էլ անսովոր շնորհակալություն ցույց տամ…

— Շատ խելոք մարդ է եղել Աշուշան, Արմենակ։

— Եվ շա՛տ հեռատես։ Միայն նա կարողացավ կոտրել Վարդանի համառությունը, ասելով, մի՞թե դու ավելի լավ քրիստոնյա ես, քան թե Պողոս առաքյալը, որ ասում էր. «Ուխտյուք խնդրեի ես ինքնին նզով լինել վասն փրկության եղբարց իմոց և ազգականաց ըստ մարմնո»։ Սրա վրա նոր խելքի եկավ Վարդանը, և ինչ էլ որ հետո արավ, առանց Աշուշայի թելադրությանը չէր։

— Ուրեմն Վահանն իր պատանեկության օրերն այստեղ անցկացրեց, մեր այս կախարդական սարերումն ու ձորերումը։

— Այո՛, այս ձորերումը շատ նշանավոր մարդիկ են կրթվել։ Այստեղի օդն ու ջուրն է սնուցել և Սպասալարներին, Արղությաններին և Լոռու մելիքներին։ Բայց դրանցից և ամեն հայից մեծն է եղել այստեղ մի ժամանակ, դեռ չորրորդ դարու վերջերում… կարո՞ղ ես իմանալ, ո՞վ կլիներ այդ ամենամեծ հայը։

— Դու ինձ հանելուկ ես առաջարկում, Արմենա՛կ։ Քո ասած ժամանակ ամենամեծ հայը մեծ Սահակն էր. բայց նա դժվար թե այստեղ եղած լինի։

— Ո՛չ, ո՛չ նրանից էլ բարձր։

— Չլինի՞ թե Մեսրոպին ես ասում․ բայց մի՞թե նա մեծ է Սահակից։

— Իշխանությամբ և դիրքով իհարկե ոչ, բայց հանճարով՝ նմանը չի ծնված մեր աշխարհում մեծ քան զՄեսրոպ: Նա այստեղ հղացավ հայոց համար գրեր գտնելու միտքը, Վրաց և Աղվանից