Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրերն էլ այստեղ հնարեց և իրանց տվավ։ Այստեղ են և նշանավոր հայ կանայք։ Իմացար, ովքե՞ր էին։


— Նշանավոր էր Վահանի մայր Ձվիկը, որ Ղազարի ասելով հայ կանանց մեջ ամենից առաքինին և հանճարեղն էր։ Նա այստեղ իր քրոջ մոտն էր, բդեշխի կնոջ, երբ իր որդիքը դեռ գերի էին Պարսկաստան։ Այստեղ կարոտակեզ մայրը գգվեց իր որդոցը, արժանացավ նրանց տեսությանը և այստեղ կրթեց նրանց այն հոգվով, որ հետո արտափայլեց Վահանի հերոսական քաջությունների մեջ։


— Այդ ճշմարիտ է. գտիր և մյուս կինը, որ ընդմիշտ պիտի մնա իբրե օրինակ առաքինի հայ կնոջ, նա՝ որ իր հայրենի սուրբ կրոնին հավատարիմ մնալը վեր դասեց թագուհու թագից և ծիրանուց։


— Ասածդ պարզ է, Արմենակ, Շուշանիկի համար ես խոսում, բայց մի՞թե Ցուրտավումն էր նա և ոչ Մցխեթ կամ Տփխիս։


— Այստեղ է հարսնացել և այստեղ նահատակվել նա։ Ես ծանոթ չեմ ձեր ձորերին, բայց եթե ուղիղ է հավաքած տեղեկություններս, մեր դիմացի ձորում շատ հնուց մնացած մի բերդ պետք է լինի, ահա այնտեղ է եղել կալանավորված Շուշանիկը։


Սմբատը տեսնելով, որ ուղիղ է ընկերոջ նկատողությանը բերդի մասին, մնաց վեր քաշվածի պես։ Նրա երևակայությունը թռավ դեպի հին անցյալը։ Մտաբերելով, որ Մամիկոնյան ցեղից դեռ մի մնացորդ կա իրանց ձորերում, և տեսնելով, որ մի այդպիսի պատմական նշանավոր հողի վրա է ծնունդ ու սնունդ առել, այն օդն է ծծել, որ Վահանն է ծծել մի ժամանակ, այն հողի վրա է ման եկել, որին դիպել է Մեսրոպի ոտքերը և ողողվել Շուշանիկի արյունով,— ինքն իր աչքում մի քանի կանգուն բարձրացավ և սաստիկ հուզված ու աչքերը ջրակալած բացականչեց.


— Արմենակ, դու ինձ գժվեցնում ես բոլորովին։ Ես՝ էլ ես չեմ ուրեմն, այլ բոլորովին մի ուրիշ բան։ Գիտե՞ս արդյոք, թե որքան մեծ է մարդուս երևակայության ազդեցությունը նրա ամբողջ բնության վրա։


— Իսկ դու դիտես միթե,— ասաց Արմենակը իր փնտրած մարդին գտնողի պես ուրախ ժպիտով։— Ես հենց կարծում էի, թե միայն ես գիտեմ այդ բանը և դեռ չեմ պատահած մեկին, որ մարդուս ոգեկան աշխարհին որևէ նշանակություն տար։ Մեր նյութապաշտական ժամանակում իրական աշխարհից դուրս ոչինչ չեն ընդունում։