Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Օ՜… և որքա՜ն սխալվում են։ Ի՞նչ է ուրեմն միտքը։ Կարո՞ղ ենք ասել, թե միտք չունինք, մտածելու շնորհք չունինք, զուրկ ենք հիշողությունից, երևակայությունից, ո՛չ տխրում ենք, ոչ ուրախանում, ո՛չ արտասվում ենք և ոչ ծիծաղում, ո'չ սիրում ենք և ոչ փնտրում, չունինք ո՛չ հավատալ և ոչ հուսալ, և ուրիշ ո՞ր մեկն ասեմ։ Իսկ այս բոլորը միասին առած ի՞նչ աշխարհ է: Եվ որքան գաղտնիքներ և ծածուկներ կան այս ոգեկան աշխարհում, որ եթե իրական աշխարհի չափ ուսումնասիրվեր, ով գիտե, թե ոգեկան ջերմություն, լույս, էլեկտրականություն, մագնիսականություն և ուրիշ մեզ անհայտ զորություններ ևս չգտնվեին։

— Ես հավատացած եմ, որ այդպես էլ կլինի։ Հին ալքիմիան, աստղաբաշխությունը և ուրիշ շատ ցնորական բաներ ի վերջո գիտություն դառան, ինչպես որ կռապաշտությունը՝ աստվածապաշտաթյուն։ Ինչ ասել կուզի, որ մեր փալչիների ու ջադուքյարների արարքներն էլ հետազոտելով՝ ժամանակին գիտության կերպարանք կառնեն։

— Ինչ կուզես ասա, ամեն հրաշքի հավատում եմ, թեև բացատրել չեմ կարող։ Այսքանը միայն գիտեմ, որ ոգին ոգիով է ոգիանում, և հրաշքը հրաշքով կատարվում։ Ինչպես որ ֆիզիկական երևույթների մեջ մի անմիջական կապ կա, պատճառ և հետևանք փոփոխակի հաջորդում են իրար, ճիշտ այսպես էլ ոգեկան երևույթներն են իրար կապակից։

— Շատ ուղիղ է նկատողությունդ, Սմբատ. ճշմարիտ որ՝ ոգին ոգով է ոգիանում, և հրաշքը հրաշքով կատարվում։ Գտիր, օրինակ, մի ընկեցիկ, որ հրաժարված լինի մարդկային հասարակությունից, կորած, մոլորած, ընկճված,— հավատացրու նրան, որ նա հարազատ զավակն ու ժառանգն է Դավիթ մարգարեի, նա կերևակայե ինքն իրան մի արքայազն…

— Անշո՜ւշտ… Եվ ի՜նչ հրաշքներ, ի՜նչ քաջություն ասես, որ նա չգործե իր ժառանգությանը ձեռք բերելու համար։ Եվ եթե չհասնի էլ իր նպատակին, այսուամենայնիվ ահագին ակոս կծրե մարդկային պատմության մեջ։ Շեքսպիրը, այդ մարդկային հոգու խոր թափանցող մարդը, զուր չէ իր Մակբեթի ձգտման առիթը պառավ կախարդուհիների նախագուշակությանը վերագրում: Եվ քանի՜ քանիսներն են եղել պատմության մեջ այսպիսիք։ Ուրեմն մի նախագուշակություն մարդու հոգուն և՛ կենդանություն է տալիս, և՛