Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մահ։ Ես չեմ կարողանում ինձ երևակայել այնպիսի ոգեկան ազդեցություններից ազատ մարդ։

— Ես է՞լ չեմ կարող։ Մի՞թե կարելի է, որ մարդ իր ստվերի մյուս կողմը ցատկե։ Մարդուս մարմինը հոգու անբաժան ստվերն է: Մարմնի բոլոր ձևափոխությունները հոգու շարժումների ստվերներն են։ Ինչպես որ մարմնի վրա եղած արտաքին ներգործությունն էլ ազդում է մարմնի վրա, այսինքն նրա գործողությունների, նրա լավ կամ վատ արարքների վրա։

— Բայց իմ միտքն այդ չէր, Արմենակ, ես ուզեցա ասել, որ ինչ մարդ ուզում է թող լինի, նրան կարելի է ոգի տալ, ոգևորել, հուսահատության հասցնել, ինքնապատվությունը մեռցնել, հույս ու հավատ ներշնչել նրա մեջ, ուժ ու աշխույժ տալ նրա գործունեությանը, և սրա հակառակ՝ նրա սիրտը կոտրել, մի խոսքով՝ կարելի է և՛ կյանք և՛ մահ տալ նրան։ Եվ գիտե՞ս ինչու համար եմ ասում այս։ Քո մի փոքրիկ նկատողությունդ, թե այստեղ են եղել Աշուշան, Մեսրոպը, Վահանի մայրն իր որդոց հետ, գուցե Ղազար Փարպեցին էլ նրանց հետ, Շուշանիկի նահատակությունը,— այդ բոլորը ինձ վրա այնպես ազդեցին, ինչպես կազդեին մի դյուրազգաց աշակերտի վրա։ Սրանից գալիս եմ ես այն եզրակացության, որ գրական կրթությունը մեզանում ծուռ ճանապարհով է գնում։ Նրա նպատակն է որպես թե ժողովրդին ինքնաճանաչության բերել, բայց այդ ինքնաճանաչությունը պետք է լինի լավ կողմից։

— Իհարկե. վա՜յ այն մարդին, որ ինքն իրան վատ կողմից է ճանաչում։

— Ահա՛, հենց այդ էի ուզում ասել։ Ինքնաճանաչությունը կրթության գործում պետք է լինի լավ կողմից։ Ում ուզում է լինի, ազգի թե անհատի, որքան վատաբանես, այնքան կվատանա։ Լավ դաստիարակը երեխայի աննշան վատ հատկությունները չտեսնելու կդնե և նրան վերացնելու համար կգրգռե նրա լավ հատկությունները, որոնք զորանալով՝ կխեղդեն վատ հատկություններին. մինչդեռ եթե վատի վրա դարձնես ուշադրությունդ, միշտ վատը երեսովը տաս, հանդիմանես, կշտամբես, ասել պե՞տք է, որ նա բոլորովին կփչանա։

— Նկատողությունդ շատ ուղիղ է և շատ կարևոր, որ գիտենար ամեն մի ծնող, ամեն մի դաստիարակ և ամեն մի գրող…

— Դու հիշում կլինիս իհարկե թե ի՞նչ էինք կարդում մենք մեր աշակերտության ժամանակ,— շարունակեց Սմբատը ընկերոջ