Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ պետք է լինում նրանց ջրհեղեղով ջնջել։ Սոդոմն այրվում է, որ մյուս քաղաքները չվարակվին նրանից։ Ուրեմն կատաղության հասած բարոյական ցավեր կան, որոնք խոլերի և չումի նման երևում են պարբերաբար։ Բոլոր ասպատակությունները, կռիվները, պատերազմները, կրոնական և քաղաքական հեղաշրջումները ուրիշ բան չեն, բայց թե համաճարակ ոգեկան ցավերի արդյունք, թեկուզ իրանց ծագումը մարմնականից լինին առած։ Այս երևույթները կյանքի և գիտակցության արդյունքներ չեն, այլ ընդհանուր հոգեկան տրամադրության։

— Քո այդ տեսությունից դուրս է գալիս, որ ուրեմն կրթության և ուսման ազդեցությունից դուրս մեզ անհայտ ուժեր կան, որոնք կրթությունից ավելի են ազդում։ Էլ ինչո՞ւ են մեզանից պահանջում, որ մենք բարոյակիրթ սերունդ պատրաստենք, երբ դաստիարակությունն անզոր է անբարոյական հոսանքների առաջն առնելու և բարոյական ցավերից պատսպարելու։

— Այդ պահանջի մեջ մեծ սխալ և խոշոր հակասություն կա։ Այսօր այս են պահանջում, վաղը մի ուրիշ բան, նայած թե մարդկանց ճաշակն ու հասկացողությունը որպիսի կերպարանք է ստացել ո՛ր ընդհանուր ցավի տրամադրության տակ է գտնվում։ Եթե կրթության խնդիր չլիներ մեջտեղը, այլ միայն առողջության, մարմնի առողջության, այն ժամանակ առողջապահիկ հնարների կդիմեին, և ինչպես մի որևէ համաճարակ մարմնական ցավից ազատ մնալու համար մաքրում են տները, փողոցները, ուտելիքներն ու խմելիքները, այդպես կվարվեին և բոլոր այն առարկաների վերաբերությամբ, որոնց ապականությունից ապականվում է և կրթվող սերնդի հոգին ու միտքը։ Բարոյակիրթ սերունդ պահանջող հասարակությունը կամ ազգը պետք է նախ ինքը մաքրվի իր բարոյական ախտերից, այլապես ինքն էլ չի հասկանում, թե ի՛նչ է պահանջում, այսինքն, իր պահանջած առարկայի մասին ուղիղ և առողջ գաղափար չունի, այլ սխալ, թույլ և հիվանդոտ։

— Ես հիմա հասկանում եմ քո ասածը։ Նկատողությունդ ուղիղ է։ Բայց ի՞նչ ես կարծում, քո հայտնած մտքով մի՞թե միայն դու ես վարակված։ Եվ մի՞թե կարելի չէ այդ մտքով վարակել և ավելի շատերին։ Երևի հասել է ժամանակը, որ հիմա ավելի խոր նայենք մեզ վրա, քննենք բարոյական հակումների օրենքները, որպեսզի կարողանանք նրանց ազդեցությունը հօգուտ մեր