Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճանաչությունը լինի լավ կազմից։ Բայց կգտնվի՞ն արդյոք լավ
մարդիկ։

— Եթե մեր գրողները վատ տիպ ներկայացնելու համար մեծ
ջանք են գործ դնում փնտրելու համար, և գտածներն էլ լինում են
բացառիկ կամ չեղած հրեշներ, այդ արդեն ցույց է տալիս, որ մեզանում վատերի թիվը շատ քիչ է։ Ի՞նչ ես կարծում, ես ու դու վա՞տ
մարդիկ ենք։

— Բայց մենք հաշիվ չենք, մենք՝ վարժապետներս, առհասարակ լավ մարդիկ ենք։

— Մի՞թե մեր այն ընգերները, որոնք վարժապետ չեն, այլ քահանա, վա՞տ քահանայք են։

— Ընդհակառակն, շատ արժանավոր քահանայք են։

— Մի՞թե մեր այն ընկերները, որոնք ծառայող են, վա՞տ մարդիկ են։

— Նրանք էլ են լավ։

— Մի՞թե նրանք, որոնք վաճառական են կամ արհեստավոր,
վա՞տ մարդիկ են։

— Նրանք էլ են լավ։

— Հավատացի՛ր, Սմբա՛տ, ամենքն էլ լավ են ջոկ-ջոկ վերցրած, միայն դրանց իրար հետ միացնող մի կապ, մի կարգ չկա։ Խոստովանում եմ, որ մենք մի անկարգ և անկապ ժողովուրդ ենք, և այդպես ենք եղել նույնիսկ Վաղարշակի օրով, երբ նա գրում էր իր եղբորը մեր անկարգության մասին, լավ միտս չէ, թե ինչ խոսքերով։

— Սպասիր, ես հիշում եմ այդ կտորը. «Ո՞չ կարգ ինչ լեալ
աստ յայտնի, — ասում է — և ոչ մեհենից պաշտամունք, ոչ գլխաւորաց աշխարհիս առաջինն յայտնի է և ոչ վերջինն, և ոչ այլ ինչ
օրինաւոր, այլ խառնիխուռն ամենայն և վայրիվերոյ»։

— Հա՞, հենց այդ էի ուզում ասել, մի՞թե հենց հիմա էլ այնպես չե՞նք, ի՞նչ օրինավոր կարգ ու կանոն կա մեր ընտանիքի մեջ,
մեր հասարակության մեջ, մեր դպրոցի ու գրականության մեջ,
նույնիսկ մեր վարժապետների վերաբերությամբ, որոնցից մեկն
ստանում է մի քանի հազար, չգիտես իր որ արժանիքի համար,
իսկ մյուսն այնքան չի ստանում, որ իր գդակն ու կոշիկը նորոգե։
Ուղիղն ասած, ես շատ էլ ընդդեմ չեմ անկարգությանը, այս ցույց է
տալիս, որ մենք դեռ կիսավայրենի և կիսակիրթ ենք, որ ասել է,
դեռ չենք ծերացել, ուրեմն կարող ենք լավ կարգերի և լավ ապագայի