Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համարում։ Այո խնդրի վերաբերությամբ առիթ չէր ունեցել իր միտքը հայտնելու ո՛ւմևիցե, բայց այս անգամ բանն այնպես եկավ, որ պիտի հայտներ իր ամուսնուն։ Սմբատի կինը՝ Ոսկեհատը, քաղաքացի էր, քնքուշ մեծացած, ֆիզիկական կոպիտ աշխատությունից հեռու մնացած, և այն գաղափարն ուներ, թե այդ բոլորը մշակ կանանց գործ էր։ Բավականաչափ ուսում ուներ, և շատ գրքեր էր կարդացել և կարդում էր շարունակ, բայց որովհետև մարդս սովորաբար իր կարդացածից այն է հավանում և սեփականում, ինչ որ իր սրտին ու խելքին համեմատ է գտնում, այս պատճառով շատ խելացի մտքեր իր կարդացած գրքերից թողել էր անուշադիր և շատ հիմարություններ սեփականել։ Սմբատը հետամուտ չէր լինում նրա կարդացածին և չէր միջամտում կնոջ զարգացման գործին։ Գեղեցիկ էր Ոսկեհատը, և ինչպես ամեն գեղեցիկ կին, նա ևս մեծ նշանակություն էր տալիս իր գեղեցկությանը և վախենում էր այն բոլոր բաներից, որոնք կարող են նրա գեղեցկության վրա վատ ազդեցություն գործել, ինչպես են, օրինակ, արևը, ցուրտը, հնոցի և թոնրի կրակը, տաք ջուրը, լամպի լույսը, շատ ուտելը, երեխային ծիծ տալը։ Չէր ուզում ո՛չ գիրանալ և ոչ նիհարել, բայց և այնպես՝ նա հետզհետե նիհարում էր, դալկանում։ Մարդ և կնիկ իրար շատ սիրում էին և շատ հարգում։ Միմյանց սիրտ ու միտք հասկանում էին, միմյանց սրտի ուզածի պես շարժվում և այս պատճառով ոչ մի անպատիվ վարմունք մեկի կամ մյուսի կողմից տեղի չէր ունենում։ Բայց հիմա նախապատրաստվելով այնպիսի մի վիճակի համար, որի մեջ մինչև այսօր եղած չէին, Սմբատն ուզում էր իրանց կենցաղավարությունն այնուհետև վարելիք կյանքին հարմարեցնել, որ իր վերաբերությամբ այնքան դժվար չպիտի լիներ, ինչքան կնոջ։

— Գիտե՞ս Ավագն ի՞նչ է ասում, Սմբատ,— ասում է Ոսկեհատը։— Կարծես Արմենակը նրան խրատած լինի, թեև մեզ ոչինչ չասաց գնալիս։ Նա այժմ փափկած է երևում և ուզում է բաժանվիլ, բայց տե՛ս ի՛չ է ասում։— Դուք, ասում է, որ ջոկ լինիք, ինչպե՞ս կարող եք կառավարվիլ, ո՛չ դու ես պետք գյուղական պարապմունքի համար, ո՛չ քո մարդը։ Թո՛ղ այն երկուսը ջոկ-ջոկ դուրս գան, իսկ դուք՝ ինձ հետ։ Սմբատն էլի կշարունակի իր ուսուցչությունը, իսկ ես տունը կկառավարեմ։ Դու էլ քո կարն ու գործը կանես, իսկ մյուս գործերը, որ քո բանը չէ, Եղսանը կանե, ինչպես