Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղջկերքը եկել էին աղբյուրից ջուր տանելու և հերթով լցնում էին կումերն ու փարչերը։ Վաչագանը սաստիկ ծարավել էր։ Նա ջուր ուզեց, և աղջիկներից մինը լցրեց փարչը և ուզեց Վաչագանին տալ Բայց մի ուրիշ աղջիկ նրա ձեռքից խլեց փարչը և դատարկեց։ Ինքը նորից լցրեց, բայց էլի դատարկեց։ Վաչագանի թուքը ցամաքել էր, և անհամբեր սպասում էր, թե երբ պետք է արդյոք նրան ջուր հասցնեն, բայց մեր անծանոթ աղջկա հոգը չէր այդ, նա կարծես խաղ էր անում, լցնում դատարկում էր և այդ կրկնեց չորս, հինգ անգամ, միայն վեցերորդ անգամին տարավ իրան անծանոթ որսորդին տվավ։

Վաչագանը երբ որ խմեց և փարչը տվավ Վաղինակին, ինքն սկսեց խոսեցնել աղջկանը և հարցրեց, թե ինչո՞ւ նա իսկույն չբերավ ջուրը, չշինի թե կատակ անել ուզեց կամ բարկացնել։ Աղջիկը նրան պատասխանեց.

— Մենք սովորություն չունինք մի օտար երիտասարդի հետ կատակ անել, մանավանդ երբ նա ջուր է ուզում։ Բայց ահա՛ ինչ էր իմ միտքը։ Ես տեսա, որ դուք զազրած ու քրտնած եք, իսկ այդ վիճակի մեջ սառը ջուրը վնաս է մարդուն, դրա համար ես գիտությամբ ուշացրի, մինչև դուք մի փոքր հանգստանաք և հովանաք: Աղջկա խելոք պատասխանը զարմացրեց Վաչագանին, բայց գեղեցկությունն ավելի ևս հիացրեց նրան։ Նրա աչքերը խոշոր, թուխ-թուխ և վառվռուն էին, ունքերը կարծես վրձինով քաշած, գլուխը բաց էր և ծամերը փռված թիկունքի վրա, ճակատը լայն, քիթ ու պռոշը նկարածի պես։ Ոչինչ զարդ ու զարդարանք չուներ, հագուստը մի կարմիր մետաքսե շապիկ էր, որ նրա վայելչակազմ հասակը ծածկում էր մինչև ոտները և մի ասեղնագործած բաճկոնակ, որով կոճկված էր նրա բարակ մեջքն ու լայն կուրծքը։ Ոտքերը բոբիկ էին, բայց նոր լվացված կաթնաղբրի ջրով՝ բամբակի պես սպիտակին էին տալիս։ Այսպես էր Անահիտի արտաքին կերպարանքը, բայց նրա դեմքի գծագրության, նրա աչքերի մեջ մի այնպիսի գրավիչ զորություն կար, որ իսկույն կախարդեց Վաչագանին ն ապշեցրեց նրան։

— Անունդ ի՛նչ է,— հարցրեց Վաչագանը։

— Անահիտ,— պատասխանեց աղջիկը։

— Ո՞վ է քո հայրը։

— Իմ հայրը մեր գյուղի նախրչի Առանն է։ Բայց ինչո՞ւ ես ուզում իմանալ, թե իմ անունն ի՞նչ է կամ ով է իմ հայրը: