Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ոչինչ, հենց այնպես հարցնում եմ. հարցնելը հո մեղք չէ։

— Եթե հարցնելը մեղք չէ, խնդրեմ դու էլ ինձ ասես, թե ինքդ ո՞վ ես, ո՞րտեղացի ես։

— Սո՞ւտ ասեմ, թե՞ ճշմարիտ։

— Ո՛րը քեզ արժան կհամարես։

— Իհարկե, ես արժան կհամարեմ ճշմարիտը, իսկ ճշմարիտն այս է, որ ես հիմա չեմ կարող ուղիղն ասել թե ես ով եմ, բայց խոսք եմ տալիս մի քանի օրից հետո հայտնել։

— Շատ լավ։ Շնորհեցեք ինձ փարչը, և եթե էլի ջուր եք կամենում, բերեմ։

— Ոչ, շնորհակալ ենք․ դու լավ խրատ տվիր մեզ, այդ կհիշենք միշտ և քեզ չենք մոռանալ։

Անահիտն առավ փարչը և հեռացավ։

Գ

Երբ որ մեր որսորդները ճանապարհ ընկած գնում էին դեպի տուն, Վաչագանը հարցրեց Վաղինակին.

— Վաղինակ, դու մեր Բարդումը տեսա՞ծ ես սրա պես գեղեցիկ աղջիկ։

Վաղինակը պատասխանեց.

— Ես լավ չնկատեցի նրա գեղեցկությունը, իմացա միայն, որ իրանց գյուղի նախրչու աղջիկն է։

— Չես նկատել, բայց լավ ես լսել։ Այդ նրանից է, որ քո ականջներն ավելի սուր են, քան թե աչքերդ, բայց քո սուր ականջները շատ սխալ են լսում։

— Ո՛չ, սխալ լեն լսում, աղջիկն ինքն ասաց, որ իր հայրը իրանց գյուղի նախրչին է։

— Շատ լավ, բայց դրանից ի՞նչ դուրս եկավ, ես կարծում եմ, որ այդ հանգամանքը նրա հրաշալի գեղեցկությունից ոչ ոքի մազ չպակասեցրեց, և նրա արժանավուությունն ավելի ևս բարձրացրեց։

— Ուրեմն դու երբ որ թագավոր դառնաս, մի նախրչական շքանշան հնարիր և նրանով բարձրացրու քո իշխաններին։

— Նախրչական նշանն այնքան բարձր է, Վաղինակ, որ կարելի չէ տալ ոչ մի իշխանի։ Այդ նշանը կարող են կրել միայն թագավորներն ու հայրապետները։ Դու չգիտե՞ս միթե, որ այն գավազանը,