Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորն ինքը շատ բարի մարդ էր, նա սրտով հակառակ չէր ամենևին որդու ընտրությանը։ Նա մինչև անդամ ուրախ էլ էր, որ իր որդին բոլոր հպատակների վրա հավասար աչքով է նայում և մեկը մյուսից բարձր չի դասում։ Նա միայն վախենում էր, թե մի գուցե դրանով գոռոզ իշխաններին գրգռե իր դեմ։ Բայց երբ որ իմացավ թե գյուղացիք շատ ուրախ են այդ բանին և Անահիտն էլ բարձր համբավ է ստացել նրանց մեջ, ինքն սկսեց համոզել թագուհուն, որ հոժարի այդ բանին…

Մյուս օրը կանչեցին Վաղինակին, հայտնեցին իրանց հոժարությունը, և նրա հետ երկու պատվավոր և իշխան մարդ ևս դնելով՝ մեծամեծ ընծաներով ուղարկեցին Հացիկ՝ հարսնախոսություն։

Երբ որ դրանք հասան նախրչի Առանի տունը, Առանը նրանց սիրով ընդունեց և շնորհավորեց նրանց գալը։ Անահիտը տանը չէր։ Հյուրերը նստեցին սրահումը՝ մի նոր գորգի վրա, որ Առանը փռեց իսկույն և ինքն էլ նստեց նրանց կշտին։

Խոսակցության նյութը ամենից առաջ դարձավ նոր գորգը, որ իր գեղեցիկ նախշերով, գույների պայծառությունով և գործվածքի նրբությունով դրա վեց հյուրերի ուշադրությունը։

— Այս ի՜նչ հրաշալի գորգ է,— ասաց Վաղինակը,— տանտիկինդ կլինի գործած անշուշտ։

— Ո՛չ, ես կին չունիմ, ահա հինգ տարի է, որ կինս վախճանվել է։ Այդ գորգը մեր Անահիտի գործածն է։ Բայց ինքը չի հավանում. ասում է՝ իմ ուզածիս պես դուրս եկավ։ Մեկ նորը հինել է, ահա՛ այն ծածկված ոստայնն է, հույս ունի, որ այն պիտի իր ուզածի պես դուրս բերե։

— Մեր թագավորի պալատումն էլ չկա մի այսպիսի զարդ,— ասաց իշխաններից մինը, հետո դաոնալով Առանին՝ ավելացրեց.— շատ ուրախ ենք, որ քո աղջիկն այսքան շնորհալի է։ Քո Անահիտի համբավը մինչև թագավորի ականջն է հասել։ Եվ ահա մեզ ուղարկել է քեզ մոտ խնամախոսության։ Թագավորը կամենում է, որ քո Անահիտը տաս իր մինուճար որդուն՝ Վաչագանին, որ իր թագաժառանգն է։

Իշխանն այս առաջարկությունն անելով՝ սպասում էր, թե Առանը կամ չի՛ հավատալ, կամ թե՝ սաստիկ ուրախանալուցը՝ վեր կթռչի տեղիցը։ Բայց Առանը ո՛չ այս արավ և ոչ այն, այլ գլուխը քաշ գցեց և սկսեց ցուցամատը գորգի նախշերով սահեցնել։ Նրան այդ մտածությունից հանեց Վաղինակը՝ ասելով․