Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ տխրեցիր, Առան եղբայր, մենք քեզ ուրախության ենք բերել և ոչ տխրություն։ Մենք քո աղջիկը բռնի տանելու չենք։ Այդ կախված է քո միակ կամքից. եթե կուզես՝ կտաս, չես ուզիլ՝ չես տալ. մեզ հարկավոր է միայն, որ դու ուղիղն ասես, թե դու ինչպես կկամենաս՝ տա՞լ, թե չտալ։

— Իմ պատվական հյուրեր,— պատասխանեց Առանը,— ես շատ շնորհակալ եմ, որ մեր տեր թագավորը իր ճոխ պալատի համար իր ծառայի աղքատիկ խրճիթից մի զարդ է ուզում տանել։ Գուցե այդպիսի մի զարդ, ինչպես ասացիք գորգի համար, չկա նրա պալատի մեջ, բայց ճշմարիտն ասում եմ ձեզ, իմ ձեռին չի տալն ու չտալը։ Ահա կգա ինքը, իրան կհարցնեք, եթե կհոժարի, ես ոչինչ չունիմ ասելու։

Հենց այս խոսակցության ժամանակ եկավ Անահիտը, որ իրանց այգումն էր եղել, ձեռին մի զամբյուղ խաղողով, դեղձով և տանձ ու խնձորով լիքը։ Գլուխ տվավ հյուրերին, որոնց մասին իրան իմաց էին տվել, որ քաղաքից եկած իշխաններ են, զամբյուղը ներս տանելով՝ միջի եղածը դարսեց մի նոր կլեկած մեծ սինու մեջ և բերավ դրավ հյուրերի առջև։ Ինքը գնաց իր ոստայնի մոտ, վեր առավ նրա երեսից սավանը և սկսեց շարունակել իր կիսատ թողած գործը։ Իշխաններն սկսեցին նայել, որ տեսնեն ինչպե՞ս է գործում Անահիտը, և մնացին ապշած նրա արագաշարժ մատների ճարպիկության վրա։

— Անահիտ, ինչո՞ւ ես մենակ գործում,— հարցրեց Վաղինակը,— ես լսել եմ, որ դու աղջիկ աշակերտներ շատ ունիս։

— Այո, ունիմ մի քսան հոգի,– պատասխանեց Անահիտը,— բայց որովհետև հիմա այգեկութ է, արձակել եմ։ Այստեղ էլ լինին, չեմ բանեցնիլ սրա վրա։ Այս մեկ հատը ես մենակ պետք է գործեմ։

— Լսել եմ, որ դու քո աշակերտներին կարդալ էլ ես սովորեցնում։

— Այո, սովորեցնում եմ: Հիմա մեզանում ամեն մարդ պարտական է կարդալ գիտենալ։ Այո վերջին օրերս էլի եկավ ծերունի Մեսրոպը և սաստիկ պատվեր տվավ, որ ամեն մարդ կարդալ սովորե, որ ամեն մարդ ինքը կարդա ավետարանը և հասկանա։ Հիմա մեր հովիվներն էլ գիտեն կարդալ և միմյանց սովորեցնում են իրանց հոտն արածացնելիս։ Այժմ եթե մեր անտառները պտտես, բոլոր հաստ ծառերի կեղևները գրոտած կտեսնես։ Անցյալ օրը ես մի ծառի վրա տասը տուն սաղմոս կարդացի։ Մեր բերդի պարիսպ