Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լուց հետո, դրանց առջև բացվեց մի շատ ընդարձակ հրապարակ, որի մեջտեղը կար մի գմբեթահարկ մեհյան, մանր խուցերով շըրջապատված: Մշակների բեռները ցած դնել տվին այն խուցերի մոտ,և նրանց Վաչագանի հետ միասին՝ քրմապետը տարավ մեհյանի մյուս կողմը, այնտեղ բաց արավ մի նոր երկաթի դուռ և ասաց.

— Գնացե՛ք ներս, այդտեղ ձեզ գործ կտան։ Նրանք մոլորվածի պես լուռ ու մունջ ներս մտան և քրմապետն այդ դուռն էլ փակեց նրանց քամակից։ Այստեղ մեր օտարականները նոր ուշքի եկան, նոր աչք բաց արին և տեսան, որ մի ստորերկրյա ճանապարհի վրա են կանգնած։

Թ

— Տղե՛րք, ի՞նչ տեղ ենք մենք, չգիտե՞ք,— հարցրեց Վաչագանը։

— Ես գիտեմ, որ մենք թակարդի մեջ ենք ընկել, էլ այստեղից ազատվելու չենք,— ասաց մեկը։

— Բայց չէ՞ որ այս մարդը սուրբ մարդ է, մի՞թե այդպես բան կանի,— ասաց մի ուրիշը։

— Ինչո՞ւ չի անիլ. երևի այս սուրբ մարդը գիտե, որ մենք մեղավոր ենք, սրա համար մեզ բերավ ձգեց իր քավարանը, որ մեղքներս ապաշխարենք։

— Տղե՛րք, կատակի ժամանակ չէ,— ասաց Վաչագանը։— Ես կարծում եմ, որ այդ դաժան ծերունին սուրբի անուն առած մի զարհուրելի դև է, և մենք կանգնած ենք այժմ նրա դժոխքի ճանապարհի վրա։ Տեսե՛ք ինչպե՜ս խավար է, ինչպե՜ս մութ, և դեռ ով գիտե ի՜նչ տանջանքներ կան մեզ համար պատրաստված։ Բայց ինչո՞ւ ենք քարացել կանգնել այստեղ, էլ հավիտյան բացվելու չէ՛ այս դուռը. Եկե՛ք առաջ գնանք, տեսնենք ո՞ւր է տանում մեզ այս անդառնալի ճանապարհը։

Այդ ճանապարհով բավականին առաջ գնացին, և հանկարծ նրանց աչքին մի ճրագի աղոտ լույս երևաց։ Գնացին դեպի ճրագը, և նրանց առջև բացվեց մի լայն քարահատակ, որի չորս կողմից լսվում էին խառնաշփոթ աղաղակներ։ Վեր նայեցին և տեսան, որ մի արհեստական քարայրի մեջ են գտնվում։ Դա շինված էր ցորենի