Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միայն մի անվերջ խավար։ Այսքանը միայն գիտեմ, որ ինձանից առաջ և ինձ հետ եկող մարդիկը կոտորվել են ամենքն էլ։ Այստեղ բերում են երկու տեսակ մարդիկ, արհեստավոր և անարհեստ։ Արհեստավորներին աշխատեցնում են մենչև իրանց մահը, իսկ արհեստ չգիտցողներին տանում են սպանդանոց, որ ես ձեզ ցույց չտվի, և այնտեղից բերում են այն խոհանոցը, որ դուք տեսաք։ Ահա մի այսպիսի զարհուրելի տեղ է այս տեղը։ Ծերունի դևը մենակ չէ, նա ունի հարյուրավոր գործակիցներ, որոնք՝ ամենքն էլ քուրմեր են։ Այս դժոխքի վրա է նրանց բնակարանը։


— Դու այս ասա, հիմա մեզ ի՞նչ են անելու,— հարցրեց Վաչագանը։


— Միևնույնը կանեն, ինչ որ մյուսներին։ Ով որ ձեզանից արհեստ գիտե, կապրի մինչև մեռնիլը, իսկ ով որ չգիտե, նրան կտանեն սպանդանոց։ Ես հիմա մեռելատանն եմ, ըստ որում հայտնեցի, որ է՛լ աշխատելու ուժ չունիմ։ Բայց աստված հոգիս չի առնում, երևի ուզում է ինձ լույս աշխարհի արժանացնել. և գիտե՞ք, ես հավատում եմ, որովհետև երազումս ինձ երևաց մի կինարմատ՝ գլխին թագաձև սաղավարտ, ձեռին երկսայրի սուր, մի հրեղեն ձիու վրա նստած և ասաց ինձ. « Մի՛ հուսահատվիր, Վաղինա՛կ, ես կգամ շուտով և ձեզ ամենիդ կազատեմ», ես վաղուց մեռած կլինեի, եթե այդ հրաշագեղ թագուհին ինձ հույս տված չլիներ. նրա տված հույսը իմ հոգուս սնունդ է տալիս, և ինչքան թույլ եմ մարմնով, այնքան ուժեղ եմ հոգով։ Ա՜խ, ի՜մ Վաչագան, ո՜րտեղ ես, ինչո՞ւ ես մոռացել քո Վաղինակին...


Վաչագանը, որ մինչև այս ժամանակ մի թմրած վիճակի մեջ էր և պատմողի խոսքերը միայն դնգդնգացնում էին նրա ականջի թմբուկը առանց տպավորվելու մտքի վրա, վերջին խոսքերից սթափվեց նա իբրև մի խոր քնից, և սկսեց հիշել երազի նման «թագուհի», «Վաղինակ», «Վաչագան» բառերը։ «Ուրեմն սա մեր Վաղինակն է», մտածեց նա: Այս մտածելով և ուշքի գալով, ուզում էր վրան ընկնիլ և գգվիլ, ուզում էր հայտնել, թե ինքն է Վուչացանը, բայց մեկ էլ չհավատալով իր ականջին՝ կրկին հարցրեց, թե ով է նա և ի՞նչպես է ընկել այստեղ։


Վաղինակը իր պատմությունն սկսեց շատ հեռվից և Վաչագանին անծանոթ առարկայից։ Իսկ այդ միջոցին Վաչագանն սկսեց մտածել, լամ չի լինիլ, եթե ինքը հանկարծ հայտնե իր ով լինիլը, ըստ որում մի այդպիսի հայտնություն՝ թե՛ ուրախություն և