Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուղի մեջ Էր ընկել, և իր ստվերը նրա առջև վիշապի պես էր ձգվում։ Մի հասարակ թխկոցից, մի սովորական գոչյունից նա վեր էր թռչում և սարսռում։ Երրեմն ուզում էր` կանչել իշխաններին և հայտնել նրանց թագավորի բացակայությունը և անհայտանալը, բայց վախենում էր, թե մի գուցե դրա հետևանքը վատ լինի, մի ապստամբություն ծագի երկրի մեջ և խռովություն ընկնի։

Մեկ առավոտ էլ` սաստիկ սրտնեղած ման էր գալիս պարտիզումը, իր ծառաներից մինը ներս եկավ և հայտնեց նրան, թե մի օտար վաճառական է եկել և ասում է, որ մի երևելի բան ունի վաճառելու թագուհուն։ Անահիտի սիրտն սկսեց մի անսովոր կերպով տրոփել։ Հրամայեց՝ որ շուտով ներս բերեն այն մարդուն։

Ներս եկավ մի դաժան կերպարանքով մարդ, խոր գլուխ տվավ թագուհուն և արծաթե սինու վրա դրած մի ոսկե դիպակ դրավ թագուհու առջև։ Անահիտը վեր առավ քննեց դիպակը և ուշ չդարձնելով նախշերի վրա, հարցրեց գինը։

— Իր կշռովը երեք հարյուր կշիռ ոսկի կարժե, որորմած թագուհի։ Ուզում եմ ասել, որ ինձ վրա այդքան է նստել միայն գործքն ու նյութը, իսկ աշխատանքն էլ թողնում եմ քո ողորմության կամքին։

— Մի՞թե այդքան թանկ կարժե։

- Ողջ լինի թագուհին, դրա մեջ կա մի այնպիսի զորություն, որ անգնահատելի է։ Դրա վրա եղած նկարները հասարակ նախշեր չեն, այլ թալիսմաններ են, իսկ այդ թալիսմանները այն զորությունն ունին, որ դրա հագնողին միշտ զվարթ, միշտ ուրախ կպահեն։ Դրա հագնողը կյանքի մեջ տխրություն չի տեսնիլ:

- Մի՞թե այդպես,— ասաց Անահիտը և սկսեց բաց անել դիպակը և ուշի ուշով զննել նրա նկարները, որոնք ոչ թե թալիսմաններ, այլ ծաղկագրեր էին։ Անահիտը լուռ ու մունջ կարդաց նրանց մեջ հետևյալ խոսքերը.

«Իմ աննման Անահիտ, ես ընկել եմ մի սոսկալի դժոխքի մեջ։ Այս դիպակ բերողը նույն դժոխքի վերակացուներից մեկն է։ Ինձ մոտ է և Վաղինակը։ Դժոխքը գտնվում է Պերոժ քաղաքից դեպի արևելք մի պարսպապատ մեհյանի հատակում։ Եթե շուտ օգնության չհասնես, մենք կորած ենք հավիտյան։

Վաչագան»։