Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անահիտը մեկ անգամ կարդալով չբավականացավ, երկրորդ և երրորդ անգամ էլ կարդաց, ըստ որում իր աչքերին չէր հավատում, կարդաց և չորրորդ անգամ, միայն այս անգամ ոչ թե կարդում էր իսկապես, այլ մտածում էր, թե ինչ անելու է։ Աչքը ձգած գրերին՝ երկար մտածելուց հետո՝ դարձավ դեպի վաճառականի հագուստի մեջ ծպտած քուրմը և ուրախ դեմքով ասաց.


— Դու ճշմարիտ ես ասում, քո դիպակիդ նկարները ուրախացնելու զորություն ունին։ Ես այսօր շատ տխուր էի, բայց այս րոպեիս մի անպատմելի ուրախություն եմ զգում։ Իմ կարծիքով այս դիպակը անգնահատելի է։ Եթե սրա համար իմ թագավորության կեսը պահանջեիր, ես խնայելու չէի։ Հայց գիտե՞ս ինչ կա, իմ կարծիքով ոչ մի գործ կարող չէ իր գործողից ավելի զորավոր լինել։ Այսպե՞ս է թե ոչ


— Թագուհին ո՛ղջ լինի, քո կարծիքը շատ ճշմարիտ է. արարածը կարող չէ հավասարվիլ արարողին։


— Եթե դու էլ գիտես, որ այդպես է, պետք է բերես ինձ մոտ սրա գործողին, որ ես վարձատրեմ նրան նույնպես, ինչպես և քեզ։ Դու էլ լսած կլինիս, որ ես արհեստին մեծ նշանակություն եմ տալիս, և պատրաստ եմ ամեն մի լավ արհեստավորին նույնպես վարձատրել, ինչպես իմ ամեն մի քաջ զորականին։


— Ողորմած թագուհի, ես տեսած չեմ դրա գործողին և չեմ ճանաչում։ Ես մի վաճառական մարդ եմ, այս կտորը գնել եմ Հնդկաստանումը մի հրեայից, իսկ հրեան գնել էր մի արաբից, արաբն էլ ո՞վ գիտե ումից կամ ո՛ր աշխարհից։


— Բայց դու՝ կարծեմ՝ ասացիր, թե գործն ու նյութը այսքան կարժե, և չասացիր, թե ես այսքանով եմ գնել. դրանից երևաց, որ դու ինքդ ես գործել տվել։


— Ողորմած թագուհի, ինձ այդպես էին ասել Հնդկաստանումը, ես էլ...


— Սպասիր, որտե՞ղ է քո Հնդկաստանը. այստեղից մինչև Պերոժ կլինի՞։


— Ոչ, ողորմած տեր, Պերոժը մեր կշտին է, իսկ Հնդկաստանը երեք-չորս ամսվա ճանապարհ է։


— Բայց գիտե՞ս, եթե ես ուզենամ, կարող եմ քո Հնդկաստանը ւմինչև Պերոժ մոտեցնել։ Կարո՞ղ ես ասել ինձ, թե դո՛ւ ո՞վ ես, ի՞նչ տեղացի ես, ի՞նչ ազգից ես, ի՞նչ կրոնի ես, որտե՞ղ ես ծնվել, որտե՞ղ ես կենում, այժմ ինչ գործի ես ծառայում։