Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ողորմած թագուհի…

— Լռի՛ր, ես քեզ ողորմելու չեմ. քո բերած թալիսմաններդ ինձ հաչանեցին քո ով լինելդ։ Ծառանե՛ր, բռնեցեք այս մարդուն և ձգեցե՛ք մթին բանտի մեջ։

ԺԲ

Վաչագանն իր ազատվելու մասին էլ ոչ մի կասկած չուներ։ Կամենալով ընկերների մեջն էլ ազատության հույսը սաստկացնել, դարձավ դեպի Վաղինակը և ասաց.

— Եղբա՞յր Վաղինակ, մի երազ էլ ես տեսա բոլորովին քո տեսածի նման։ Ես այնպես եմ կարծում, թե մենք հենց այսօր, թե այս գիշեր պիտի ազատվինք։ Բայց գիտե՞ս ինչ կա, Վաղինակ, մենք եթե այս խավարից հանկարծ լույս աշխարհ դուրս գանք, դրսի լույսը մեզ համար այնքան սաստիկ կլինի, որ մենք ոչինչ չենք տեսնիլ, և կարելի է թե մեր աչքերը վնասվին էլ։ Այս բանը ես նրա համար եմ ասում, որ երբ դուրս գալու կլինինք, և կտեսնեք, որ լույսը ծակծկում է կամ ոչինչ չեք տեսնում, փակեցեք աչքներդ, մինչև քիչ—քիչ սովորեք։ Ես շատ եմ տեսել մթին բանտից դուրս եկած մարդիկ, նրանցից եմ իմանում։

— Երանի՜ թե դուրս գանք միայն այս սպանդարանից, թեկուզ աչքներս կուրանա, վնաս չունի. բայց վարպետ եղբայր, քո այդ ասածդ մի բան ձգեց միտս, որ չեմ կարող չասել։ Մի անգամ ես ու թագավորի որդին որսորդություն անելիս՝ իջանք մի աղբյուրի մոտ, շատ դադրած ու քրտնած։ Մոտակա գյուղի աղջկերքը շրջապատել էին աղբյուրը և հերթով լցնում էին իրանց ամանները։ Իշխանս ջուր ուզեց, աղջիկներից մինը լցրեց փարչը, որ բերի տա իրան, մի ուրիշ աղջիկ առավ նրա ձեռից փարչը և դարտկեց։ Հետո ինքն սկսեց նորից լցնել, բայց էլի դարտկեց, և այսպես կրկնեց նա քսան, թե երեսուն անգամ, սուտ չեմ կարող ասել, լավ միտս չէ։ Իմ բարկությունս սաստիկ եկավ, բայց իշխանիս շատ հաճելի թվաց աղջկա վարմունքը, մանավանդ երբ նա ջուր բերելուց հետո հայտնեց, թե իր միտքը չար չէր, այլ տեսնելով, որ հոգնած ու քըրտնած ենք, հարկավոր համարեց ուշ հասցնել սառը ջուրը, մինչև մենք փոքր-ինչ շունչ առնենք և հովանանք։ Հիմա քո ասածն էլ նրա