Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նախշուն վերմակը ատլասի
Իսպառ տարավ խելքները:
— Ապրի՜, ապրի՛ Հռիփսիկը, —
Մեր խնամիքն ասացին,
Ամեն կտոր վերցնելիս՝
«Բարով մաշեն» կրկնեցին:
— Տեսե՛ք, — ասաց Հռիփսիկը,—
Դեռ էլի կան շատ բաներ.
Մեջտեղ բերավ հազար ու մեկ
Մանր մժուր կտորներ:
Սպիտակեղեն ուներ կարած
Մի դյուժինից էլ ավել,
Եվ այդ բոլորն ինքն իր ձեռքով
Լվացել էր, օսլայել:
Քանի՜ թղթի արկղիկներում
Բաներ ուներ պատրաստած,
Արծաթեղեն ու ոսկեղեն,
Բայց ոչ մետաղ ժանգոտած:
Սոխի կճպից ոսկեղենն էր,
Սխտորինից՝ արծաթին.
Փող էլ ուներ սոխի կճպից
Տասը ոսկի, շատ դեղին…

♦♦♦

— Դե բե՛ր, դե բե՛ր մեր հարսնացուն,
Տեսնենք ինչպես ես զուգել.—
Տեսան հարսին. շատ սիրուն էր,
Բայց սկսան շըշնջել.
Խնամիքանց մեկն ասում էր՝
Դեղ է քսել երեսին.
Մյուսն ասում էր՝ ոչ, երեսը
Դեմ է արել կրակին: