Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան հոգվով վառված անխնա կոտորել իր թշնամիներին, բայց նրա քնքուշ սիրտը կարող չէր հեշտությամբ մարսել մի այդպիսի կոշտ գործողություն։ Ա՛յս պատճառով շտապեց Անահիտից առնել իր զենքն ու զրահը։ Նա լվացվեց, մաքրվեց, փոխեց իր հագուստը, հագավ զրահը, կապեց արքայական թուրը և դուրս՝ գալով վրանից՝ երևաց զորքին, որ նրա տեսությանն սպասում էր անհամբեր։ Հենց որ երևաց Վաչագանը և ողջույն տվավ, զորքն ուրախության աղաղակ բարձրացրեց։ Թագավորը հայտնեց նրանց իր շնորհակալությունը։ Այդ միջոցին քաղաքապետը եկավ թագավորի ոտներն ընկավ, շնորհավորեց նրա ազատությունը և հայտնեց, որ ճաշ էր պատրաստել կանաչ դաշտումը զորքի համար։ Թագավորը հրաման տվավ զորականներին, որ երթան ճաշեն և ուրախություն անեն. իսկ ինքը գնաց Անահիտի մոտ, ուր արդեն օրիորդներն ու տիկինները ճոխ սեղան էին սարքել և թագավորի գալուն էին սպասում, որ հացի նստեն։ Այդտեղ էր Վաղինակը՝ փոխած իր հնոտիքը և գեղեցիկ հագուստով զուգված։ Այդպես գեղեցիկ և ուրախ ճաշ չէր արած Վաչագանը իր բոլոր կյանքումը: Այն ուրախությունն ու զվարճությունը, որ անում էին օրիորդները, Վաղինակին էլ մի այնպիսի հոգեկան զմայլանքի մեջ էին ձգել, որ նա կարծում էր, թե երանելյաց աշխարհի մեջ է և հրեշտակների հետ է խնդում, ուրախանում։ Անահիտն էլ ազատվեց հոգեմաշ ցնորքներից և մի բաժակ գինուց հետո ինքն էր առաջնորդում օրիորդներին ու տիկիններին սրախոսություն անելիս։


Այսպես ուրախ ճաշելուց հետո փողերը նշան տվին, որ ժամանակ է ճանապարհ ընկնելու դեպի տուն։ Առաջ ընկան թագավորն ու թագուհին, նրանց կողքին օրիորդներն ու տիկինները, իսկ հետևից բոլոր զինվորները, որոնք միաձայն երգում էին մի ազգային հաղթական երգ։ Երբ որ հասան Պերոժ քաղաքի հրապարակը, բոլոր քաղաքացիք, մեծ ու փոքր, այր ու կին միաբերան աղաղակեցին:


-Կեցցե" թագավորը, կեցցե՜ թագուհին, կորջի՜ն քուրմերը, կործանվին կռատունները, քրիստոնյա՜, քրիստոնյա՜ կուզենք լինել:


Թագավորը նրանց պատասխանեց, որ շուտով կգա հայրապետը և նրանց կմկրտե (և հիրավի, երկու օրից հետո եկավ Աղվանից Շուփհաղիշե կաթողիկոսը շատ քահանաներով և եպիսկոպոսներով և բոլոր պերոժցոց տարավ Կուրի եզրը, ուր մերկացան ամենքը և