Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղջկանն էր սիրում, իսկ մյուսին ատելով ատում էր, նրա լույս արևը խավարեցրել էր։


Մարդու աղջկա անունը Արևահատ էր, կնոջ աղջկանը՝ Մամխի։ Արևահատը հենց ուղիղ արևահատ էր. նրա երեսը արևի նման շափաղ- ջափաղ էր անում, այնքան սիրուն էր. մյուսն էլ հենց ուղիղ մամխի էր—մամուխի պես սև, նրա թփի նման փշփշոտ ու կոթռուճ։


Խորթ մոր բարկությունը շատ էր գալիս, թե ինչի իր աղջիկը այնքան տգեղ ու գեշ էր, իսկ Արևահատը այնքան սիրուն, այնքան գեղեցիկ։ Ամբողջ օրերով աշխատեցնում էր Արևահատին— աթար էր շինել տալիս, կով էր կթել տալիս, հաց էր թխել տալիս, աման էր լվանալ տալիս, խոտ ու դարման էր կրել տալիս, որ նրա սպիտակ ձեռները կնճռոտվին, նրա շարմաղ երեսն այրվի, սևանա, նրա շիմշատ մեջքը կորանա, որ նրա ուժը պակասի, գունաթափվի, թառամի, բայց ընդհակառակն, նա ավելի էր ուժովանամ ու գեղեցկանում, իսկ մյուս աղջիկը, որ աղջիկ-պարոնի պես էր մեծանում, օրեցօր ավելի էր նիհարում ու գեշանում։


Արևահատը աշխատելուց չէր նեղանում, նա այնպես էր սովորել աշխատանքին, որ առանց ստիպելու էլ ինքը մի րոպե հանգիստ չէր նստում։ Հենց որ ծանր աշխատանքը վերջացնում էր, տղամարդի անելիքներն էլ ինքն անում, պրծնում էր, ձեռք էր զարկում իր մանածին ու գործքին։ Տանը ջահրա էր մանում, ջուր գնալիս էլ՝ իլիկը կամ սկսած գուլպան էր հետը տանում, որ աղբրին, մինչև հերթն իրան կհասնի, մինչև կուժը կլցվի, ինքը պարապ չի կանգնի, լախռահաչի չտա, իր իլիկը մանի կամ գուլպան անի։


Ամեն բան Արևահատի ձեռիցը գալիս էր— հորագործ, գետնագործ, ոստանագործ, կար, ձև, եփել, թխել, կթել, հարել, շինել, սարքել։ Մի խոսքով մի աղջիկ էր, որ հատը չկար, բայց ինչ կանես, որ խորթ մոր ձեռք էր ընկել, իր արած բանը ինչքան լավ էր լինում, այնքան վատ էր թվում անգութ մորը։ Ամեն անգամ, չար գայլի նման, մի պատճառ էր փնտրում ու անմեղ Արևահատին ոտի տակը գցում, տրորում, մազերից քաշքաշում, քիթ ու պռունկը արունլվա անում, մարդուն էլ հավատացնում, թե քո աղջիկը հոգիս բուկս է հասցնում իր չարությունով ու կամակորությանովը։ Արևահատը չէր կարողանում իրան արդարացնել. ուզում էր մի խոսք ասել, արտասուքը խեղդում էր նրան, հայրն էլ հավատում էր կնոջ խոսքին ու բարկանում աղջկա վրա։


Արևահատը իր սրտի ցավերը միշտ իր մոր գերեզմանի վրա