Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արևահատը. բայց ինչ կանես, որ խորթ մոր սիրտը քարացել էր, խղճմտանքը մեռել, ամոթը կորել, խեղճ Արևահատի համար նոր-նոր տանջանքներ էր հնարում։


Հենց այդ օրերումը գյուղումը լուր է տարածվում, թե հանդ գնացող աղջկերքը էլ ետ չեն գալիս, մի վիշապ է լույս ընկել, նրանց կուլ է տալիս։


Այս լուրը շատ ուրախացնում է խորթ մորը։ Ասում է, այս լավ դառավ. այս հիմար աղջկանը կուղարկեմ հանդ, թող գնա վիշապի բերանն ընկնի։


Մի օր կով ու ոչխար Արևահատի առաջն է անում, թե տար հանդումն արածացրու։ Մի հաց էլ տալիս է, թե այս էլ կտանես հետդ ման կածես, երեկոյին էլի ետ կբերես, որ ես ուտեմ։ (Որովհետև հանդումը ման ածած հացը խիստ համով է լինում, ուզում է, որ այն համով հացը ինքն ուտի)։ Շատ էլ բուրդ է տալիս, թե այս էլ մինչև երեկո բոլորը բարակ կմանես, հետդ կբերես։


Արևահատը՝ կով ու ոչխար առաջն արած, քշում է նրանց, առանց իմանալու, թե մինչև ուր պիտի տանի։ Վերջապես՝ երբ որ հասնում է մի լավ կանաչկոտ տեղի, որ դեռ արածացրած չէր, այնտեղ նստում է, իլիկը մանում, իր դառն օրը լալիս, անմեղ անասուններն էլ մշմշալով արածում են։


Իրիկնապահին, արևի մարեմար ժամանակը, հենց որ ուզում էր թե վեր կենա տավարն առաջն առնի, գնա տուն, մեկ էլ տեսնում է, որ ահա մի պառավ կնիկ կա կշտին կանգնած։ Վեր է կենում, որ շան առաջին կանգնի, որ պառավին չկծի, պառավն ասում է. «Մի՛ վախենար, Արևահատ, շունն ինձ չի կծիլ. նա էլ է իմանում, որ ես չար պառավ չեմ. տեսնո՞ւմ ես՝ ինչպես ուրախ է, ինչպես է շարժում պոչը»։


— Բայց դու ո՞վ ես, նանե, ես քեզ չեմ տեսած, դու մեր գեղիցը չես,— հարցնում է Արևահատը։


— Ես ոչ մի գեղից չեմ, հոգիս, ես այս երկրիցը չեմ. ես Արևի մայրն եմ. եթե լսել ես, «Արևամայրը», որ ասում են՝ ես եմ։ Քո դառն օրերը, քո անմեղությունը իմ գութս շարժեցին. ես եկել եմ, որ քո տարաբախտությանը վերջ տամ։ Չոքիր առաջևս, ես քեզ պիտի օրհնեմ, որ դու գնաս քո մուրազին հասնես։


Պառավի այս խոսքերը շատ զարմացնում են Արևահատին։ Մեկ էլ լավ մտիկ է տալիս, տեսնում է, որ իր ծանոթ կանանց նման չէ։ Այնպես էր շողշողում նրա ամբողջ հագուստը, որ կասես ոս