Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուց էր ձուլած և ոչ թե սովորական պաստառներից կարած։ Նրա աչքերը այնպես էին ցոլցլում, փայլում, ինչպես արևի ճառագայթները նրա խոսելու ձևն այնքան քնքուշ էր, ձայնն այնքան անուշ, որ Արևահատին թվում էր, թե իր հարազատ մայրն է խոսում հետը։ Հենց որ պառավն ասում է՝ չոքիր, նրա ծնկները թուլանում են, ընկնում է առաջը, ուզում է Արևամոր ոտները համբուրի, բայց նա Արևահատի գլուխը բարձրացնում է, ձեռքը դնում է վրան և հետևյալ օրհնանքը տալիս.

Ոտքիդ տակին վարդեր բացվին,
Չորս կողմդ փռվի մանիշակ,
Բարով հասնես քո մուրազին,
Գլխիդ տեսնեմ թագ ու պսակ։
Քո ժպիտը վարդի նման,
Արտասուքդ մարգարիտի,
Ուր որ գնաս աստված քեզ հե՛տ,-
Օձ ու կարիճ քեզ չըխայթի՛ ։
Քո խրճիթը պալատ դառնա,
Ողջ սյուները անգին քարից,
Պատ ու հատակ ոսկի, արծաթ,
Առաստաղը գոհարներից…»

Այսպես օրհնում է Արևամայրը և էլի ուրիշ շատ բաներ է ասում, խրատներ է տալիս, գուշակում է նրա ապագան, ամեն բան առաջուց ասում է և զգուշացնում։ Հետո ասում է՝ դե վեր կաց, սիրուն Արևահատ, ես քեզ սիրեցի, ես քեզ օրհնեցի, ես քեզ աղոթեցի, որ էլ այսուհետև քեզ մի վնաս չլինի, քո մեկ մազը չպակսի։ Հետո համբուրում է Արևահատին ու ասում.– այս համբուրովս ես քո գեղեցկության վրա իմն էլ եմ ավելացնում, հետո տալիս է մի փոքրիկ կապոց։ Այդ կապոցի մեջ լինում է մի ձեռք հագուստ։ Բայց ի՞նչ հագուստ, բոլորը անգին քարերով զարդարված ու այնքան էլ նուրբ, այնքան բարակ է լինում, որ հենց իմանաս, ոչ բամբակից է, ոչ մետաքսից, այլ արևի ճառագայթներիցն է գործած։ Ասում է՝ այս կապոցը ծոցումդ կպահես, մինչև քո հարսանիքի օրը, միայն այն օրը կհագնես։ Ես հիմա գնում եմ, իմ որդին ինձ է սպասում։ Այս էլ ասելուց հետո՝ աներևութանում է, արևն էլ մայր է մտնում։