Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս անցքն այնպես զարմացնում է Արևահատին, որ չի իմանում, քնա՞ծ է, թե արթուն, երազո՞ւմն է տեսնում, թե ճշգրիտ։ Ձեոքը ծոցն է տանում, տեսնում է, որ կապոցը տեղն է, ուրեմն երազումս չեմ, ասում է ինքն իրան և այնքան ուրախանում է, որ բոլոր տխրությանը փարատվում է, ունքերը բացվում, երեսը զվարթանում, քաղցածությունն անցնում։

Վեր է կենում, իրա կով ու ոչխարը առաջն անում, ճանապարհին նրանց ջոկ-ջոկ շփելով՝ իր ուրախությունը նրանց պատմելով՝ գնում։

Գնում է գնում, մեկ էլ տեսնում է, որ ահա մի քանի ձիավոր են գալիս զենք ու զրահում կոլոլված. Արևահատի սիրտն իմանում է, որ լավ մարդիկ չպիտի լինին. այդ բանը շունն էլ է իմանում և զանազան շարժմունքներով իր վախն իմաց է տալիս Արևահատին։ Տեսնում է, որ դրանց ձեռքիցը փախչել լի կարող, իսկույն ցեխ է քսում երեսին, որ իր սիրունությունը նրանց աչքումը չերևա, որ իր վրա ուշադրություն չդարձնեն։

Մարդիկը գալիս հասնում են և տեսնում մի գեշ աղջիկ։ Հետո մեկմեկու իրանց լեզվով ասում են՝ մեզ համար մեկ է, սիրուն եղած, գեշ եղած, երկուսն էլ վիշապի փորը պիտի մտնին։

Հիմա դուք իմացաք, կարծեմ, թե դրանք ինչ մարդիկ պիտի լինին։ Ասում են՝ «աղջի՜կ, էլ դես ու դեն չփախչես, արի մեզանից մեկի գավակին նստիր, քեզ պիտի տանենք։

Արևահատը մնում է շվարած։ Մտքումն ասում է՝ «էլ ի՞նչ կարող եմ անել, ուր տանում են՝ թող տանեն. մեր տանից խոմ վատ տեղ չեն տանելու, իմ խորթ մորիցը խոմ կազատվիմ։ Իրա կովի, ոչխարների աչքիցը պաչպչում է, նրանց մնաս բարով ասում ու նստում մեկի գավակին։ Խեղճ անասունները կարծես իմանում են բանի էությունը, սկսում են հետևիցը բառաչել ու մայել, իսկ շունը չի բաժանվում նրանից, այլ վնգստալով ու սնգսնգալով գնում է նրանց հետևիցը։

Այդ ավազակները գնում են մի քարափի դեմ ընկնում, այնտեղ վեր են գալիս, Արևահատին ներս տանում մի մաղարա։ Հենց որ ներս է մտնում, տեսնում է որ ի՞նչ, մինչև երեսուն-քառասուն աղջկանից ավելի կան, շրջակա գյուղերից հավաքած այնտեղ: Այդ խեղճ աղջկերքը այնպես էին հեծկլտում, որ տեսնողի մազերը փշաքաղվում էր։ Վախենում էին, թե բարձր ձայնով լաց լինին, ձայ