Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներր փորներն էին գցել ու արտասուքի հեղեղ էր, որ թափում էին հեկեկալով։

Արևահատը նրանց սիրտ է տալիս, թե՝ մի՛ վախենաք, մեզ կտանեն կծախեն, մենք էլ կփախչենք կգանք էլի մեր աշխարհքր։ Բայց շատերն իմանում էին, որ նրանց պիտի տանեն վիշապին տան, որովհետև նրա համբավը տարածվել էր ամեն տեղ։

Մութը որ վրա է հասնում, դրանց դուրս են բերում քարափիցը, ու առաջներն արած՝ սարով ձորով քշում տանում օձահայր թագավորի մոտ։

Այստեղ Գյուլնազ տատն ասում է—երեխեք, ես բեզարեցի, քունս տանում է, մնացածն էլ էգուց իրիկունը կասեմ, բայց երեխեքը վրա են թափվում, քունը փախցնում, թե չի լինիլ, պետք է վերջացնես, որ տեսնենք վերջն ինչպես է լինում։ Գյուլնազ տատը ճարահատած շարունակում է, բայց որովհետև քունը տանում էր, էլ շատ չի երկարացնում։

Բ

Աղջկերքը տեղ են հասնում։ Քաղաքի մեծ ու փոքրը հավաքվում են, որ տեսնեն ինչ աղջկերք են եկողները, ու տեսնում են որ ի՜նչ, բոլորն էլ հայ աղջկերք, մինը քան մյուսը գեղեցիկ։ Շատ ափսոսում են, որ այդ խեղճերը պիտի վիշապի կերակուր դառնան։ Նրանց միջին միայն Արևահատն է ամենից տգեղ երևում, որովհետև երեսին ցեխ ու մուր էր քսել, սիրունությունը չէր երևում։ Թագավորը հրամայում է, որ դրանց լավ տան մեջ պահեն, լավ հագցընեն, լավ ուտեցնեն, գիրացնեն և օրենը մեկը տան օձին։ Առաջին օրը ընտրում են Արևահատին, թե՝ սա ամենից տգեղն է և չի էլ վախենում, առաջ սրան տանենք, որ մյուսներն էլ սիրտ առնեն։

Բռնում են Արևահատի կռնիցը, թե՝ դե արի գնանք, քեզ պիտի մարդու տանք, քո փեսացուն թագավորի որդին է, դու թագուհի կդառնաս։ Այդպես խաբելով՝ կռնիցը բռնած՝ տանում են օձի բնակարանը, որ թագավորական պալատումը մի ընդարձակ տեղ էր բռնում իր առաջի պարտեզովն ու նրա միջի գեղեցիկ հավուզներովը։

Երբ որ մտնում են պարտեզը և այնտեղից ուզում են դուռը