Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու փոքրանալով, փռվելով ու խմբվելով, զանազան ձևեր ստացան։

Այս հիանալի պատկերները ամենայն առավոտ նկարվում էին Մասիսի վրա, բայց ոչ ոքի ուշադրություն չէին գրավում։

Ոչ ոք ժամանակ չուներ նայելու։ Ոչ ոք ճաշակ չուներ հիանալու։ Դա մի սովորական երևույթ էր ամենքի համար, մի հասարակ արևաբաց էր, որ շողշողալով՝ ամենքին իմաց էր տալիս, որ վեր կենան, իրանց գործին կենան, իրանց բանին գնան։

Այգեպանը շտապում էր, որ շուտով այգին գնա ու անցած օրվա կիսատ թողածն ավարտի, տավարածը տավարն էր արոտ անում, աղջկերքն ու հարսները դեպի աղբյուրն էին վազում, պառավները կերակուրի պատրաստությունն էին տեսնում։

Բայց այս անգամ մեկը կար, որ Մասիսին էր նայում, նրա փայլուն տեսքից հիանում ու զվարճանում։

Այդ մեկը մի մանուկ էր։

Մի առույգ, զվարթ ու սիրուն մանուկ։

Մի ոսկեթել մազերով, նախշուն աչքերով մանուկ։

Նրա երեսը արևի նման լույս էր տալիս, ձյունի նման փայլում։

Նրա աչքերը արեգակի նման ճառագայթներ էին արձակում։

Նա կարծես հողեղեն չէր, այլ հրեղեն։

Նա հենց իմանաս Արեգակի ծնունդը լիներ, Արևի որդին։

Եվ հենց անունն էլ Արևամանուկ էր։


2

Ամեն առավոտ, երբ արևի շողքն ընկնում էր Մասիսի վրա, Արևամանուկը պետք է վեր կացած լիներ, որ մայր արևի աոաջին ողջույնը, առաջին բարի լույսն ընդուներ։

Նա շատ էր սիրում ամպեղեն երևույթների, ամպեղեն ձևերի վրա նայել։

Առավոտյան արշալույսը, թե երեկոյան վերջալոլույսը — որ կրակե գույնով ներկում, նկարում են հորիզոնի վրա կուտակված ամպերը—հազարավոր պատկերներ էին ցույց տալիս նրան։

Ամպերի շարժումները, նրանց ձևափոխությունները գրավում, հափշտակում էին նրա ուշքն ու միտքը։