Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կում էր հորթի կապը, խփոմ էր կովին և այսպիսով ինքը հաղթում էր հարսներին և ուզածի չափ ծծում։ Պատահում էր, որ մինչև կովի կթելը՝ ինքն արդեն ցամաքեցրած էր լինում ծծերը և խեղճ հորթին էլ չէր լինում բաժին թողած։

Կերակուրներից նա ամենից շատ սիրում էր յուղն ու մեղրը։ Յուղը նա կաթի պես էր խմում, իսկ մեղրաբլիթը գաթի պես ձեռքն էր առնում կրծոտում։

Էլ ինչ ասել կուզի ուրեմն, որ ով տարով կմեծանա, մեր Արևամանուկը օրով էր մեծանում ու զորանում։ Դեռ տասը տարեկան հազիվ կլիներ, այնպես էր աճել, զարգացել, որ տեսնողը կարծում էր, թե առնվազն տասնհինգ կամ տասնվեց տարեկան կլիներ, բայց երբ դառավ տասնհինգ տարեկան, արդեն մի կատարյալ չինարի ծառ էր և էլ իր հասակին վայել չէր համարում իր տարիքն ունեցող մանուկների հետ խաղալ, այլ քսան, երեսուն տարեկանների հետ էր խաղում, նրանց հետ կպչում, նրանց հետ մրցում և ամեն տեսակ մարզմունքների մեջ հաղթում էր ամենքին։

Միշտ հաղթելը և ոչ մի անգամ չհաղթվելը մեր Արևամանուկի համար դառավ մի այնպիսի հատկություն, որ հաղթվելն ու մեռնելը իրա համար միևնույն էր։ Այգ բանը նկատել էին նրա խաղընկերները, և երբ պատահում էր իրանից ավելի ուժեղների, նրանք խնայում էին Արևամանուկին և չէին ուզում հաղթել, որ նրա սիրտը չկոտրվի։ Այդ տեսակ վեհանձնական սովորություն ունեին արմավանցիք, նրանք նշանավոր քաջին և ուժեղին միշտ խնայում էին, նրան սիրում, պաշտում էին և իրանց պարծանքն էին համարում։

5

Արևամանուկն արդեն դառել էր տասնհինգ տարեկան, բայց իր ծնողների հսկողությունիցը դեռ չէր ազատվել։ Նրա ընկերներից որը տավարած էր, որը հովիվ, որը եզնարած էր, որը հոտաղ, բայց նրան միայն գառներն էին պահ տալիս, այն էլ միայն գարունքը, իսկ մնացած ժամանակ տանիցը չէին դուրս թողնում։ Չէին դուրս թողնում, որովհետև գիտեին, որ նա ոչ մի տեղ հանգիստ չի մնալ, իր ուժը կփորձի ամեն բանի վրա ու փորձանքի մեջ կընկնի։