Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց որքան շատ էին զսպում նրան ու հսկում վրան, նա այնքան ավելի էր ցանկանում վազել, ընկնել անտառները, ձորերը, քան տեսնել, բան շինել, իր պարսատիկն ու նետաղեղը փորձել;

— Մայրիկ, ինձ ուղարկեցեք տավար,— աղաչեց նա մեկ անդամ իր մորը։— Ես ավելի լավ տեղեր կտանեմ արածացնելու, կովերն էլ ավելի կաթ կտան և շուտ չեն ցամաքիլ։

— Ի՞նչ հարկավոր է, որդի,— պատասխանում է մայրը։— Մենք այնքան տավար չունինք, որքան պահողներ ունինք. նրանք էլ լավ գիտեն, թե որտեղ պետք է արածացնեն։

— Բայց ես, մայրիկ, մինչև ե՞րբ պետք է տանը պարապ մնամ ու երեխանց հետ խաղամ։ Աղջիկ էլ չեմ, որ բուրդ գզեմ, գուլբա անեմ, իլիկ մանեմ։ Չէ՞ որ ես տղա եմ։ Իմ ընկեր տղայքը բոլորն էլ տավար են դնում, ես ինչո՞ւ չգնամ։

— Տավարածությունը հեշտ բան չէ, հոգիս։ Տավարը շատ հեռու տեղեր են տանում։ Գող է, գազան է, ամեն ինչ պատահում է տավարածներին։

— Ես էլ հենց դրա համար եմ ուզում տավար գնամ, որ մի քիչ հեռու տեղեր տեսնեմ։ Ինձ ի՞նչ պիտի անեն գողերն ու գազանները։ Բա մեր շներն ինչացո՞ւ են։ Մեր Կտրանն ու Խեղդանը որ մոտս լինին, էլ ի՞նչ գող, ի՞նչ գազան կմոտենա մեր տավարին։ Չէ՛, մայրիկ, ես պիտի գնամ տավար։ Բայց եթե չթողնեք, ես կփախչեմ, կընկնեմ Մասիսի ձորերը, կերթամ քաջերին կգտնեմ, կասեմ՝ «Եկել եմ ձեզ մոտ, որ ինձ սովորեցնեք լավ ձի հեծնել, նետ ձգել, թուր ու նիզակ գործ ածել»։

— Արմիկ, Մասիսի քաջերը սուր ու թուր չունին, ոչ ձի հեծնել գիտեն, ոչ նետ ձգել։

— Բա էլ ինչի՞ քաջեր են, մայրիկ։

— Հենց նրա համար չունին, որ շատ քաջ են։ Նրանք այնքան քաջ են, որ կարիք չունին զենք ու զրահի։ Այնքան ուժով են, որ ահագին կաղնի ծառը արմատահան կանեն, և այդ կլինի նրանց համար ինչպես մի թեթև մահակ, բայց այդ մահակով նրանք հազար ձիավորի պատասխան կտան։ Նրանք ի՞նչ կանեն նետ–աղեղը, քանի որ Մասիսի ստորոտից բլրաչափ ժայռերը այնպես են շպրտում, որ սարի գլխովն անց են կացնում մյուս կողմը գցում։

— Այդ ի՞նչքան ումով են, մայրիկ, ով գիտե իրանք էլ ինչ ահագին հսկաներ են։

— Իհարկե, այնքան մեծ-մեծ են, որ նրանց տակին ոչ թե ձի