Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի ժամանակ էլ տավար գնա։ Այդ քո առաջին փափագն է, թող կատարվի, թող կողքդ ու մեջքդ մի քիչ էլ տավարումը հաստանան։

6

Արմավանի երեխայքը շատ ուշ էին սկսում տնական հոգսերին մասնակցել։ Մանուկները դառնում էին տասնհինգ, քսան տարեկան, բայց դեռ էլի համարվում էին տղա, այսինքն երեխա։ Մինչև տասնչորս տասնհինգ տարեկան դառնալը ոչ մի պարապմունք չէին ունենում, բացի ուտելուց ու խաղալուց։

Նրանց սկգբնական ուսումն ու կրթությունն էլ խաղն էր։ Եվ պետք է ասենք, որ պակաս ուսում չէր և շատ էլ լավ էր։ Լավ էր նրանով, որ մեզ նման վաղօրոք չորս պատի մեջ չէին փակվում ու կորցնում իրանց առողջությունը, մեկ էլ նրանով, որ նրանց խաղերը անմիտ ու անօգուտ խաղեր չէին։ Նրանք իրանց խաղերով ավելի լավ էին պատրաստվում իրանց ապագա գործունեության, ապագա պարապմունքների համար, քան թե հիմա մենք։

Նրանց հարկավոր էր լինել ուժեղ, ճարպիկ, սրամիտ, հնարագետ, առաքինի. պետք է իմանային լավ ձի հեծնել, լավ վազել, լավ լողալ, ծառերի վրա մագլցել, պառակների ու ժայռերի վրա բարձրանալ, մեծ ոստյուններով ցատկել, սուր ու նիզակ գործածեի վահանով պաշտպանվիլ, ուղիղ պարսատիկ ու նետ ձգել,— պետք է իմանային անասնապահություն, վար ու ցանք, փայտտաշություն, քարտաշություն, դարբնություն… և այս բոլորը այն ժամանակվա երեխեքր սովորում էին խաղալով։

Մեծերը նրանց չէին ասում, թե այս արեք և այն շինեցեք, այս խաղացեք և այն մի խաղաք։ Երեխեքն իրանց կամքովն էին անում, ինչ որ անում էին. փոքրերը՝ փոքրն ու հեշտը, մեծերը մեծն ու դժվարը, և այնքան սիրով և ուրախությամբ, այնքան ոգևորված ու տաքացած, որ շատ անգամ հացն էլ էին մոռանում։

Նրանց գիշերվա խաղերն ուրիշ էին, ցերեկվանը ուրիշ, ամառվանը ուրիշ, ձմեռվանր ուրիշ, ուրիշ էր տղերանց խաղը և ուրիշ՝ աղջկերանցը։ Ամեն տեղի, ամեն դեպքի, ամեն ժամանակի հարմար խաղեր ունեին։

Խաղում էին ամենախիստ կարգապահությամբ։ Եթե խաղացողները լինում էին մինչև հարյուր հոգի, էլի այնպես կարգով էին խաղում, որ ոչ մի անկարգություն չէր պատահում, և եթե պատահում էլ էր երբեմն, մեղավոր երեխային իսկույն հեռացնում էին իրանցից, որ մեծ պատիժ էր համարվում։