Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խաղում, որ ոչ մի անկարգություն չէր պատահում, և եթե պատահում էլ էր երբեմն, մեղավոր երեխային իսկույն հեռացնում էին իրանցից, որ մեծ պատիժ էր համարվում։


Խաղերի մեծ մասը երկու խմբով էին խաղում։ Առաջ երկուսին մայր էին նստեցնում, մյուսները ձագեր դառնում։ Ձագերը զույգ֊զույգ էին դառնում և վիճակով ընկնում մեկը մեկ և մյուսը՝ մյուս մորը։ Այսպիսով բոլոր խաղացողները դառնում էին երկու խումբ, ամեն մեկը իր մոր հովանավորության և պաշտպանության տակ։


Մայրը իր ձագերից ամեն մեկի պաշտոնն իրան հասկացնում էր, և նրանք պիտի կատարեին իրանց մոր պատվերը ամենայն ճշտությամբ և ճարպկությամբ։ Այս խաղերի մեջ շատ լավ սովորում էին պաշտպանվելու և հարձակվելու կերպերը. սովորում էին շարքով կանգնել, շրջան կազմել, խմբվել, ցըվըրվել, մեջք֊մեջքի տալ, վայր թափվիլ, չորեքթաթ վազել, փորսող տալ, մի ոտքով վազել, ծեծի դիմանալ, հակառակ խմբի բոլոր շարժմունքները դիտել, նրա մտադրությունը նախագուշակել։


Այս խաղերի մասին էլ ես չեմ ուզում երկարացնել խոսքս։ Դուք ինքներդ, եթե գյուղի երեխայք եք, կարող եք ասել, թե ինչ տեսակ խաղեր գիտեք. միայն պետք է գիտենաք, որ իմ ասած հին խաղերի կեսի կեսն էլ չկա հիմա, և ինչ էլ որ կա, այն ժամանակվա եղածի միայն ստվերն է և ոչ իսկականը։ Բայց ինչ որ լինին, դրանք էլ են հարկավոր և շատ բավական են մեզ։


Մեր Արևամանուկը խաղալ շատ էր սիրում։ Պառավներն ասում էին. որ նա մոր փորումն էլ խաղալիս է եղել, և սուտ չէին ասում։ Բոլոր խաղերի մեջ նա այնպես շուտ ճարպիկացավ, որ էլ ձագ չէր դառնում, այլ իրանից մեծերի վրա էր մայր նստում, և ամեն երեխա աշխատում էր, որ նրան վիճակվի, նրան ընկնի, նրա զորեղ պաշտպանության տակը գտնվի։

                   7


Ահա այս աստիճան զորացած էր մեր Արևամանուկը, երբ որ սկսեց տավար գնալ։ Տավարումն էլ երկու թե երեք օր միայն փոքրություն արավ, շուտով տավարածապետ դառավ, այսինքն տավարածների, գլխավոր։ Տավարածապետ լինելը հեշտ բան չէ։