Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա պետք է ամենից զորեղը լինի և ամենից ճարպիկն ու սրտոտը։ Ճշմարիտ է, նրա գործը հեշտ էր նրանով, որ պիտի նստեր սառն աղբյուրների մոտ, հով ու զով տեղերումը և մյուսներին հրամայեր, որ տավարը մակաղից դուրս անեն, գոմեշները՝ ցեխերից, այս կողմը քշեն, այն կողմ տանեն, ետ տան, ժողովեն, ականեն, բայց և դժվար էր նրանով, որ եթե տավարներից մինը կորչեր, նա պիտի ման գար գտներ, գող ու գազանի ճանկերից նա պիտի փրկեր։ Իսկ գազաններ այդ ժամանակ շատ ու շատ կային. հիմա այնքան գայլ ու աղվես չկա, ինչքան որ այն ժամանակ քավթառներ ու փալանգներ (վագրեր) կային։ Արևամանակը մի քանի շաբաթ շարունակ շատ լավ պահեց տավարը, այնպես որ ոչ մեկի քիթը չարնեց, բայց ասած է՝ «Տատն ամեն օր գաթա չի թխիլ»։


Մեկ անգամ մի եզը կորցրեց, շատ ման եկավ, վերջը մի գոռոցի ձայն հասավ ականջը։ Մինչև ինքը ականջ կդներ, որ տեսներ ո՛րտեղից է գալիս ձայնը, իր քաջ շները—Խեղդանն ու Կտրանը— ավելի շուտ իմացան տեղը և նետի պես թռան դեպի ձայնը։ Գոռոցը հասարակ բառանչ չէ. այդ ձայնը հանում են միայն գազանների ճանկ ընկած ժամանակը, և այդ գիտեն՝ ինչպես տավարներն ու մարդիկը, նույնպես և շները։


Արևամանուկը ոչ մի զենք չուներ, բացի մի հաստագլուխ մահակից։ Մահակը ձեռին՝ վազեց շների հետևից և նրանց գտավ մի ձորակի մեջ հաչելիս։ Հեռվից նկատեց, որ մի գազան վայր էր ձգել ահագին եզանը, թանթուլները դրել նրա մեջքին, իսկ գլուխը դեպի շները ծռած՝ այնպես կատաղի կերպով նայում է, որ աչքերից կրակ է թափվում։ Շները հաչում էին հեռվից, պոչները ներս քաշած, և սիրտ չէին անում գազանին մոտենալ։


Արևամանուկը՝ էլ չմտածելով թե ինչ պետք է աներ արդյոք, սաստիկ բարկացավ շների վրա և գոռաց, «Խեղդա՛ն, խեղդի՛ր, Կտրա՛ն, կտրի՛ր», ու ինքը մի ճարպիկ ոստյունով թռավ ընկավ գազանի մեջքի վրա ու բռնեց նրա վզիցը: Այդ տեսնելով շները սիրտ առան ու հախռեցին գազանին։ Գազանը բարկացավ և ցատկեց տեղիցը, բայց նրանից պոկ չեկան ոչ Արևամանուկը և ոչ շները։ Գազանն ավելի կատաղեց, երեսը շրջեց, բաց արավ ահագին ըռեխը և ուզում էր Արևամանուկի գլուխը հախռել ու փշրել, բայց նա իսկույն ձեռքը ձգեց գազանի բերանը ու լեզվի տակիցը այնպես պինդ բռնեց քաշեց, որ գազանի թանթուլները թուլացան և նա սկսեց խռխռացնել։ Գազանը որ խեղճացավ,– թուլացավ,