Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արևամանուկը նրան իր տակն առավ, այ ոտքը նույնպես կոխեց գազանի բերանը և երկու ձեռքով քաշեց նրա լեզվիկը: Այդ միջոցին Խեղդանը հախռեց գազանի բկիցը, Կտրանն էլ փորատակերից։ Այսպես միացած ուժով գազանին անշնչացրին, սատկացրին:


Քափ ու քրտինքի մեջ կորած՝ ետ քաշվեցավ Արևամանուկը, և նոր տեսավ, թե ինչ վիշապ էր իր սպանածը։ Վագր էր, մի ահագին ու քավթառ վագր, որ բոլոր շրջակայքի վրա իշխում էր։ Նրա երկյուղից ոչ ոք չէր համարձակվում տավար կամ ոչխար տանել այն տեղերը, ուր որ տարել էր Արևամանուկը։ Ամբողջ գյուղերով աշխատում էին նրան սպանել, բայց չէին կարողանում։


Եզը վաղուց արդեն շունչը փչել էր։ Անիրավ գազանը մի հատ հարվածով կոտրել էր նրա մեջքի սեռը և մի ծվեն կաշի էր հանել։


Արևամանուկը մաշկեց գազանը ու մորթին քարշ տալով՝ գնաց տուն։ Նրա այս քաջագործության համբավը շուտով տարածվեց ամեն տեղ։ Տասնհինգ տարեկան հասակում վագր խեղդել,— հեշտ բան չէ։ Բայց ով որ իմանում էր, թե այդ քաջությունը Արևամանուկն է արել, չէր զարմանում, ասում էին՝ նա կարող է առյուծի բերան էլ ճղել մեն-մենակ, առանց շների օգնության։


Արմավանցիք սովորություն ունեին, որ երբ մեկը մի քաջություն էր անում, նրա վրա գովասանական երգ էին շինում ու երգում ամեն տոնի օր։ Երգում էին տղերքն ու աղջկերքը ձեռք ձեռքից բռնած, խմբով ու պարելով։ Այս անցքից հետո Արևամանուկի վրա էլ շինեցին մի գովասանական երգ, որ ասում էին տղերքն ու աղջկերքը փոխ առ փոխ։ Ահա՛ այդ երգը.


.


—Աղջըկերք,պար բռնեցեք,
Արմիկի երես գովեցեք.
Ա՜յ երես, շարմաղ երես,
Դու մեզ շրթողնես սևերես։


«Բարձր սարեն պաղ ջուր կուգա,
Արմիկի երես կըլվա.
Ա՜յ երես, արև երես,
Քո շափաղով մեր սիրտ կերես»։


— Աղջըկեք, պար բռնեցեք,
Արմիկի աչքեր գովեցեք.
Ա՜յ աչքեր,սիրուն աչքեր,
Արևի պես փայլուն աչքեր: