Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Արմիկ,— ասաց հայրը,–֊ ոչ մի տեղդ չի՞ ցավում արդյոք։


Ոչ, հայրիկ, ոչինչ ցավ չեմ զգում, միայն կարծես թե սաստիկ 

հոգնած լինիմ։


— Վնաս չունի, հոգիս, եթե միայն հոգնած լինիս. հապա ինչո՞ւ են պատռտորված շորերդ։

Այս խոսակցությունից մի կես ժամ չանցած՝ տեսան որ Արևամանուկի երեսը դեղնում, սփրթնում է։


— Արմիկ ջան, գլուխդ չի՞ ցավում արդյոք,– հարցրեց մայրը, որդու գլուխը շփելով։


Արևամանուկը այլևս չկարողացավ պատասխանել. նրա ուշքը գնաց և նվաղեց։


Իսկույն վրա թափվեցան ամեն կողմից, երեսին ջուր սրսկեցին, շորերը հանեցին- և ի՞նչ տեսան-մարմնի վրա էլ մի ողջ տեղ չկա, բոլորն էլ կապտել էր։ Շատ տեղ գաղտնի ճանկերը ցրցվել էին, և այնքան ուռած տեղեր կային, որ հենց իմանաս շնաճանճեր են թափվել վրան ու խալթոտել։ Միայն երեսն էր ազատ մնացել հարվածներից։


Արևամանուկը այդ բոլոր հարվածներին դիմացել էր առանց ցավ զգալու։ Այդպես է լինում տաք կռվի ժամանակը։


Բայց երբ որ քրտինքը ցամաքեց,–– բոլոր մարմինն սկսեց սարսռել։ Ցավը մի տեղ չէր, երկու տեղ չէր, որ ասեր՝ այսինչ կամ այնինչ տեղս է ցավում։ Այդ որ տեսան, էլ ժամանակ չկորցրին, իսկույն մի քանի այծ մորթեցին և նրանց տաք֊տաք մորթիովը փաթաթեցին Արևամանուկին։ Հավաքվեցան դեղ ու դուղ իմացող պառավներն էլ, և զանազան հոտավետ ծաղիկներ եփ տվին ու չուրը խմացրին Արևամանուկին։ Նրանք շատ լավ էին իմանում կտրածի, ջարդածի, կոտրածի դեղերը, և հենց միայն այդ էր հարկավոր որ գիտենային, որովհետև ուրիշ ցավ չէր պատահում։


Արևամանուկը ուղորդ հիվանդացավ, պառկեց տեղումը ու էլ շուտ չի վեր կացավ։ Նա կարծես շատ էր ուրախացել, որ հիվանդացել է, որովհետև նրան այնպես ծառայում, պատիվ էին տալիս, որ առողջ ժամանակը տեսած չէր։ Նրան այնպես էին պահում, պահպանում, որ ցավի սաստկությունը բնավ չէր զգում։ Արթուն ժամանակը պառավներն էին իրանց հին զրույցներովն ու հեքիաթներով նրա ուշք ու միտքը գրավում, իսկ քնած ժամանակն էլ քաղցր երազները։Մայրը հո՝ մի րոպե մոտիցը չէր հեռանում և ինչ ազիզ կերակուրներ, ասես, որ չէր եփում, ուտեցնում։