Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Այս ի՛նչ լավ բան է եղել հիվանդ լինելը,-ասում էր Արևամանուկն ինքն իրան։– Առողջ ժամանակս ինչ որ ուզում էի՝ չէին տալիս. հիմա այնպես բաներ են ուտեցնում, որ կյանքիս մեջ առաջին անգամն եմ համը տեսնում: Եվ ի՜նչ լավ հեքիաթներ են ասում։ Առաջ այնքան աղաչում էի, ոչինչ չէին ասում»։


Ճշմարիտ որ շատ լավ զրույցներ էին պատմում։ Այդ զրույցները այնպիսի բովանդակություն էին ունենում, որ նրանով համարյա թե լրանում էր Արևամանուկի կրթության պակասը։ Այդ զրույցներից նա ավելի փորձառություն էր ստանում և ինքն իրան ասում էր. «Ինչքա՜ն հիմարություն է՝ չիմանալ, թե մեզանից առաջ ապրող մարզիկը ինչսյե՞ս են եղել ապրելիս, ինչի՛ց են վնասվել և ինչի՛ց օգուտ քաղել։ Եթե այդ չիմանանք, էլ ինչպե՞ս կարող ենք խելոք կերպով ապրել աշխարհքիս երեսին։ Օրինակ, ի՞նչ հիմարություն էր իմ արածը—առանց զենքի՝ ուղղակի ընկնել վագրի գիրկը– այդպես միայն խելագարը կանե։ Ա՜խ, ինչքա՜ն հիմար եմ եղել, ես այդ նոր եմ հասկանում»։


Այսպես ահա ամեն մի զրույցից հետո՝ մեր Արևամանուկը մի նոր մտածմունքի մեջ էր ընկնում և նոր խելքի գալիս։ Պետք է ասել, որ այդ այն զրույցների լավությունիցն էր, որ նրան պատմում էին։


                      2


Մեկ անգամ, երբ որ Արևամանուկն արդեն լավանալու վրա էր, նրան դուրս բերին տանիցը և տարան մի մեծ ծառի շվաքում պառկեցրին, որ ավելի մաքուր ու զով օդ շնչե։ Մի հասարակ կապերտ փռեցին, վրան մի բարձ դրին. Արևամանուկը կռնեց նրա վրա, իսկ պառավները նստոտեցին նրա բոլորի շուրջ՝ կանաչ խոտի վրա։ Մայրը որդու գլխավերևը նստած՝ շփում էր նրա գլուխը, շտկում, մաքրում էր նրա ոսկեթել մազերը, իսկ պառավները պատասխան էին տալիս Արևամանուկի ամեն մի առաջարկած հարցմունքին՝ երկար զրույցով։


- Ա՜խ, ինչպես ուրախ եմ, որ էլի տեսնում եմ Մասիսի երեսը, -ասաց Արևամանուկը և հարցրեց պառավներից մեկին–– Նանե՛, ինչի՞ցն է, որ Մասիսի գլխի ձյունը չի հալվում։


— Նրա համար չի հալվում, հոգիս, որ մեծ նավը չբացվի և արևից ու անձրևից չփչանա: