Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Այդ ի՞նչ նավ է, նանե, ես չեմ հասկանում։


— Դրա պատմությունը երկար է, հոգիս, կարճն այս է, որ մի ժամանակ արարած աշխարհքս ջրով ծածկվել է, միայն մեկ մարդ է ազատվել իրա որդկերանց, իրա կնոջ ու հարսների հետ, և ազատվել է այսպես։ Մի մեծ, խիստ մեծ նավ է շինել. երբ որ ջրերը բարձրացել են, նավն էլ հետն է բարձրացել, մինչև հասել է Մասիսի գլուխը, նրա վրա նստել։ Այնտեղ այնքան մնացել են, մինչև ջրերը ետ են քաշվել։ Հետո դուրս են եկել նավիցը, մայր են իջել սարիցը և տեսել որ ի՞նչ, էլ երկրիս երեսին ոչ մի մարդ է մնացել, ոչ անասուն, ամենքին էլ ջուրը խեղդել, քշել, տարել է։ Այնքան լավ է եղել, որ նա իր հետ վերցրած է եղել ամեն տեսակ օգտակար անասուններ։ Դրանք սկսում են նոր մեկանց շատանալ, և էլի լցվում է երկիրը թե՛ մարդկերանցով և թե՛ անասուններով։ Ահա այդ ժամանակ, երբ որ սարիցն իջել են, իսկույն ձյուն է եկել և ծածկել մեծ նավը։


— Այն մարդի անունն ի՞նչ է եղել, նանե։


- Նրա անո՞ւնը... սպասիր... Նավ, Նով, Նո... ինչ որ է, այսպես մի բան է. լավ չէ միտս։


- Դե որ այդպես է, արի ասենք՝ շենքն ու շինողը իրար անվանակից են։ Ինչ էլ լինի անունը, այդ ոչինչ, երևում է միայն, որ այդ մարդը ամենից խելոքն է եղել, որ կարողացել է իր գլուխն ազատել։


Մենակ խելոքությունը բավական չէ, հոգիս. պետք է

արդար էր լինի եղած, որ աստված միայն նրան է ազատել։ Եվ ճշմարիտն էլ այս է։ Ասում են, որ այդ ժամանակ մարդիկը շատ անիրավացել են, շատ մեղավոր են եղել, միայն Նովն է եղել արդարը։ Ասում են, որ նավը նա ինքը չի շինել, այլ ուրիշին է շինել տվել։ Նավը շինողը շատ խելոք, շատ իմաստուն ու ճարտար մարդ է եղել, բայց ինչ կանես, որ արդար չի եղել։ Նա իր համար էլ մի առանձին սենյակ է շինել նավի մեջ, մտածելով, թե ես չեմ հա¬ վատում, որ ջրհեղեղ կլինի, բայց ով գիտե, բան է, եթե լինի, ես կմտնեմ իմ սենյակս։ Եվ ի՞նչ ես կարծում: Գալիս է ջրհեղեղը, այգ մարդն էլ մտնում է իր սենյակը, բայց որովհետև արդար չի լինում, առաստաղը խորտակվում է անձրևներից և այնքան ջուր է թափվում մեջը, որ նա իր շինած ամենից ամուր սենյակումը խեղդվում է։ Նով նահապետը շատերին է ուզում ազատել, բայց ամենի սիրտն էլ քարանում է, ոչ. ոք չի լսում նրան: Մի պառավ