Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կնկա ասում է. «Նանե, եկ մեր նավի մեջը մտիր, հիմա որտեղ որ է ջրհեղեղ կլինի», իսկ նա պատասխանում է՝ «Դեռ սպառեցեք, ես հաց եմ թխում»։ Բայց ի՞նչ, դեռ հացը թոնրումը, մեկ էլ տեսնում է՝ հրես թոնրի միջիցը ջուր է, որ քըլթքլթալի դուրս է գալիս։ Պառավն այնպես շշկլվում է, որ գլխիվայր ընկնում է թոնրի մեջն ու խեղդվում ։


— Ես հիմա հիշում եմ, նանե, որ դու մեկ անգամ ասացիր, որ այդ արդար մարդը մեր նախահայրն է, մեր մեծ պապը։


- Իհարկե, նա մեր նախահայրն է, մեր նահապետն է։ Նա մեր Մասիս սարի վրա է ազատվել ջրհեղեղիցը, մեր աշխարհումն է ապրել, մեր աշխարհումը թաղվել։ Բայց որովհետև աշխարհիս բոլոր մարդիկը, բոլոր ազգերն ու ցեղերը նույնպես նրանից են հառաջ եկել, այդ պատճառով նա ամենքի նախահայրն է, մենակ մերը չէ։ Միայն, իհարկե, մեծ բաժինը մերն է. որովհետև մեծ նավը մեր սարի վրան է, մեծ պապը մեր երկրումն է թաղված. ամենից մոտիկը մենք ենք։ Մենք նրա անբաժան զավակներն ենք, նրա տան բնակիչները, իսկ մյուսները՝ բաժանված, հեռացած։


— Ուրեմն մենք մի ուրիշ նախահայր էլ ունինք, որ միայն մերն է և ուրիշները նրանից բաժին չունին։


— Ինչպե՞ս չունինք։ Ամեն ցեղ իր սեփական նախահայրն ունի, մենք էլ ունինք, և մերն ամենից քաջն է, ամենից ճարտարը։


— Բա ինչո՞ւ ինձ չես պատմել, նանե։


— Ա՛յ, հիմա կպատմեմ, հոգիս, եթե ուզում ես. և պետք է ուզենաս, որովհետև դու նրանից շատ հեռու չես. շատ, շատ որ հեռու լինիս, պետք է նրա թոռան թոռի թոռը լինիս։ Ուրեմն նրանից ինչև քեզ միայն վեց պորտ է անց կացել։


Այդ շատ լավ է։ Դե պատմիր տեսնեմ, նա ինչպե՞ս

մարդ է եղել, տեսնեմ ես էլ կարո՛ղ եմ նրա նման դառնա՞լ թե ոչ։


— Իհարկե, նրա նման պիտի լինիս, հոգիս, դեռ պետք է աշխատես՝ նրանից էլ անցնել. և կանցնես, եթե մյուս անգամ խելագարություն չանես, աչքերդ չխփես ու ընկնես վագրի գիրկը։


— Այդ թող, նանե, մարդ որ գժություն չանե, բա ինչպե՞ս կխելոքանա։


— Դե լսիր, հոգիս։


Այստեղ պառավն սկսում է պատմել մեր Հայկ նահապետի պատմությունը՝ մոտավորապես հետևյալ կերպով։ Ասում եմ մո