Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկուսն աղջիկ էին՝ մինը քան զմյուսը գեղեցիկ, իսկ երրորդը ավելի ևս չքնաղ և չնաշխարհիկ, միայն բարի ոգիները նրա ինչ լինելը թաքցրել էին հողեղեններից։ Այդպես էին կամեցեք բարի ոգիները իրանց համար հայտնի նպատակով և մի ուրիշ ժամանակով, երբ որ ժամանակը լրանար, այնուհետև նա կամ աղջիկ և կամ տղա պիտի դառնար։ Բայց Արմանը նրան չէր որոշում աղջիկներից, և երերին էլ միաձև աղջկա հագուստով էր պահում։— «Թող սա էլ աղջիկ համարվի,– ասաց նա - մինչև բարի ոգիների կամքը կատարվի», և անունն էլ դրավ Արեգնազան՝ միատեսակության համար, որովհետև մեծի անունը դրել էր Զանազան, իսկ երկրորդինը՝ Զարմանազան։


Արեգնազանը մեծացավ աղջկա պես, և թեպետ հավատացած էր, որ ինքն աղջիկ է և աղջիկներից էլ ամենից գեղեցիկը, բայց ատելով ատում էր աղջկան վայել բաները։ Նա չէր սիրում բուրգ գզել, թել մտնել, կար ու գործ անել, և դրա հակառակ՝ երբ մի լավ ձի կամ մի զենք էր տեսնում, խերը գնում էր։ Մայր չուներ, որ նրան ստիպեր, տնարարություն սովորեցներ, իսկ հայրը՝ կարծես գիտությամբ՝ ոչ միայն այդ մասին ոչինչ հոգս չէր անում, այլև նրան իր հետ որսի էր տանում և ձի հեծնել ու զենք գործածել էր սովորեցնում։


Այսպես անցավ մի ժամանակ, մեկ օր Արմանը կանչեց իր զավակներին և ասաց.


— Ես ծառայում էի մեր բարի թագավորին և նա ինձ շատ սիրում էր։ Ահա այս դաշտերն ու անտառները, այս սարերն ու ձորերը, որ հիմա մեր ձեռին է, բոլորը թագավորն է ընծայել ինձ իմ հավատարիմ ծառայության համար։ Երբ որ ձեր մայրը վախճանվեց, սաստիկ տխրություն եկավ վրաս։ Վեր առա ձեզ, քաշվեցի այս խաղաղ վայրերը, և տխրությունս փարատելու համար՝ գլուխս որսորդության տվի։ Դուք հիմա մեծացել եք, իսկ ես ծերացել։ Դուք այստեղ մեծանում եք, ինչպես վայրի եղջերուները։ Ինչ կլինի ձեր վերջը, եթե այստեղ մնաք, իհարկե, շատ վատ։ Ապագա թշվառությունից ձեզ ազատելու համար՝ ես մտածել եմ, որ ձեզանից մեկին, տղայի հագուստով, ուղարկեմ թագավորի մոտ ծառայելու։ Թագավորը սիրով կընդունի և իմ տեղը ժամանակով նրան կտա: Այդպիսով ձեզանից մեկը կարող է մյուսներիդ էլ տանել իր մոտ։ Հիմա ո՞րդ կուզենաք գնալ: