Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես կերթամ, հայրիկ,– ասաց մեծ աղջիկը։


— Ես էլ, հայրիկ, ես էլ,— մեջ ընկավ միջնակը։


Արեգնացանը լուռ էր։


— Իսկ դու, նազանիկ, դու չե՞ս կամենալ,— հարցրեց հայրը Արեգնազանին. կարծես ուզում էր. որ գնացողը նա լիներ անպատճառ։


— Ինչո՞ւ չէ, հայրիկ, բայց երբ որ իմ մեծ քույրն ուզում է, ես ինչո՞ւ արգելք լինիմ նրան։


— Այստեղ արգելքի բան չկա, հոգիս, ինձ համար դուք երեքդ էլ մեկ եք, միայն դեռ չգիտեմ, թե ձեզանից ո՞րն ավելի հարմար կլինի։


— Ես ամենից հարմարն եմ, հայրիկ,ասաց մեծը,- որովհետև ես ամենից մեծն եմ։


— Շատ լավ, բայց ես առանց պայմանի ոչ մեկիդ չեմ ուղարկելու։ Եթե դու կամենում ես, կերթաս ուրեմն, կփոխես հագուստդ, կընտրես զենք ու զրահ և առավոտը շատ վաղ քո ձին կհեծնես, կերթաս որսորդության, եթե դատարկ չվերադառնաս, քեզ կուղարկեմ թագավորի մոտ։


Մյուս առավոտուն մեծ աղջիկը, ինչպես պատվիրել էր հայրը, ճանապարհ ընկավ դեպի դաշտ՝ մի բան որսալու համար։ Երբ որ մտավ մի խոր ձորի մեջ և ուզում էր անցնել մյուս կողմը, նրա առաջը կտրեց մի դիմակավորված ձիավոր՝ ոտից մինչև գլուխ զինավորված։ Աղջիկը նրան որ տեսավ, այնպես վախեցավ, որ քիչ մնաց լեզուն կապվի սաստիկ երկյուղից մնաց կաշկանդված, փախչիլ անգամ չկարողացավ։ Ձիավորը մոտեցավ նրան ու ասաց.


* * *


Ա՜յ տղա, սիրուն տղա,
Ո՞ւր եմ գնում այդպես մենակ.
Ի՞նչու, փափուկ անկողնիցդ
Դուրս ես եկել անժամանակ։




Աղջիկը պատասխանեց կմկմալով.


* * *


- Ես... ես... գնում եմ...
Ոչ... ոչ... չեմ գնում.
Հա... հա... պիտի գնամ...
Ի՞նչ երեսով ետ դառնամ...