Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո՛ թե դու ավազակ ես,
Ցույց է տալիս քո դիմակը.
Բայց թե ինչպես տղամարդ ես,
Այդ թող տեսնե իմ նիզակը…


Այս ասելով՝ Արեգնազանը հարձակվեց նրա վրա, ասելով.

— Դե՛ն ձգիր դիմակդ, տեսնեմ դու ի՞նչ մարդ ես, եթե ոչ՝ այս րոպեիս կթռցնեմ գլուխդ։

Ձիավորն ընդդիմացավ, վահանով պաշտպանվեց և թրով հարձակվեց Արեգնազանի վրա։ Արեգնազանը նույնպես պաշտպանվում էր վահանով և հարձակվում թրով։ Մի ժամ շարունակ տևեց նրանց կռիվը, և ոչ մեկը չկարողացավ զարկել մյուսին. զարկերը վահաններին էին դիպչում։ Միայն Արեգնազանը հետզհետե զորանում էր, իսկ նրա հակառակորդը թուլանում։ Վերջը Արեգնազանը մի ճարպիկ ոստյունով թռավ իր ձիուցը, հակառակորդի փողպատից բռնելով վայր գլորեց ձիուց և հենց այն է, ուզում էր, որ մի հարվածով գլուխը թռցներ, նա իսկույն վեր կալավ դիմակը…

— Ա՜խ, հայրի՛կ, հայրի՛կ,— բացականչեց Արեգնազանը.— այս ի՞նչ փորձանքի մեջ էիր գցում դու ինձ… եթե մի փոքր ուշ վեր կալնեիր դիմակդ, ինձ հայրասպան պիտի շինեիր։

Հայրը մոտը նստեցրեց Արեգնազանին և նրա վրան նայելուց չէր կշտանում։ Մի փոքր շունչ առնելուց հետո ասաց.

-Ապրի՜ս, ապրի՜ս, Արեգնազան,
Ծլիս, ծաղկիս, զորանաս,
Հիմա գիտեմ, որ իմ տեղը
Դու անպատճառ կստանաս։

Իզուր չեմ քեզ սովրեցրել
Զենք ու զրահ գործածել.
Ինքըդ գիտես, որ ամենքից
Քեզ եմ սիրել առավել։

Թող սա լինի, ասացի ես,
Արու զավակ ինձ համար,
Սրա անվախ, անահ սիրտը
Քաջ տղամարդի է հարմար։

Էլ աղջիկ չես այսուհետև,
Չմոռանաս այդ բնավ.