Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու աշխատիր, որ ստանաս
Բարի անուն, մեծ համբավ։

Արքայական ապարանքը
Մի մեծ բույն է փորձության.
Եթե սխալ մի քայլ անես,
Դու կորած ես հավիտյան:

Այժմ գնա, դու իմ հոգյակ,
Օրհնությունս քեզ հետ տար,
Եղի՛ր բարի, մեծահոգի,
Եղի՛ր անմեղ ու արդար…

2

Երբ որ Արեգնազանը ներկայացավ թագավորին և հայտնեց, որ ինքը Արմանի որդին է, թագավորը շատ ուրախացավ։
— Ես այնպես էի կարծում,— ասաց թագավորը,— որ մեր Արմանը հասած տղա չունի։ Անունդ ի՞նչ է, տղա′ս։
— Տերությանդ ծառա՝ Արեգ։
— Արե՜գ… շատ լավ անուն է և քեզ բոլորովին հարմար։ Ուրա′խ կաց, տղա′ս. քեզ այստեղ լավ կպահեն։ Եթե մի նեղություն, մի կարիք ունենաս, ինձ հայտնիր։ Վաղը պիտի որսի երթանք, դու էլ կգաս ինձ հետ։
Թագավորը մինուճար մեկ աղջիկ ուներ, Նունուֆար անունով։ Այնքան գեղեցիկ էր Նունուֆարը, որ արեգակին ասում էր՝ «դու մի դուրս գա, ես եմ դուրս գալու»։
Երբ որ թագավորը խոսում էր Արեգնազանի հետ, Նունուֆարը վարագույրի հետևից թաքուն նայում էր նրա վրա և զմայլում։
«Սա իսկ և իսկ այն պատկերն է, որին քանի անգամ տեսել եմ ես երազում», ասում էր Նունուֆարն ինքն իրան…
Մյուս առավոտը որսական փողերը հնչեցին։
Հազարից ավելի ձիավոր դուրս եկան, բոլորն էլ զինավորված լայնակամար նետաղեղներով, երկայնակոթ նիզակներով և այլ զենքերով։ Իրանց հետ ունեին բազմաթիվ գամփռներ, բարակներ, բազեներ… մի խոսքով որսի ամեն պատրաստությունով։
Անցան գնացին, հասան մի լայնատարած դաշտ, չորս կողմից